4 մլն բնակչություն ունենալու համար, ըստ իս, կարևոր է, որ մշակվի ծրագիր, որով կընդլայնվի մանկապարտեզների ցանցը։ Շատերը կասեն, թե առաջնային է սոցիալական վիճակի բարելավումը, սակայն կյանքը ցույց է տալիս, որ ծնելիության մակարդակը բարձրացնելու համար լավ ապրելն առաջին տեղում չէ, նույնիսկ շատ են գերզարգացած երկրները, որտեղ ծնելիության անկում է նկատվում. վառ օրինակ են Արևմտյան Եվրոպայի երկրները։
Բազմիցս ասել եմ, որ մեր օրենսդրությունը շատ երեխաներ ունենալու համար հարմար չէ, ֆիզարձակուրդ կոչվածը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների կողմից ընկալվում է որպես բեռ։ Իրականություն է, որ ոչ մի գործատու չի ցանկանում 2-3 տարով զրկվել իր աշխատակցուհիներից, առավել ևս, երբ խոսվում է պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կանանց մասին։ Այստեղ լուծումը մեկն է՝ ստեղծել գոնե 1․6-ից 3 տարեկան երեխաների համար պետական մանկապարտեզներ, որպեսզի երեխա ունեցող մայրը կարողանա շարունակել աշխատել։ Ամբողջ խնդիրը հենց այստեղ է, որ երիտասարդ զույգերը մեկ երեխա ունենալուց հետո երկար ժամանակ ձգտում են աշխատել, որոշակի կապիտալ կուտակել հետագայի համար, իսկ կյանքն անցնում է։ Առավել քան վստահ եմ, որ եթե կառավարությունն արտոնություններ սահմանի մանկապարտեզների կառուցմամբ ու շահագործմամբ զբաղվող ընկերությունների համար կամ այս ուղղությունը հայտարարի ռազմավարական և զարկ տա մանկապարտեզների կառուցմանը, ապա երկու-երեք տարի հետո մենք իրավիճակ կփոխենք։
Ի դեպ՝ մանկապարտեզների հարցը սուր է թե՛ Երևանում, թե՛ մարզերում, ամենուր նոր խմբակների սուր պահանջարկ կա։ Մեկ բան էլ՝ ես դեմ չեմ լինի, եթե ամեն երեխայի հաշվով 2000-3000 դրամ գումար գանձվի. համայնքային բյուջեներն ի վիճակի չեն նորմալ աշխատավարձ տալ մանկապարտեզների աշխատողներին, և մեր երեխաների հետ աշխատող այս մարդիկ շատ ցածր են վարձատրվում։