Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս, իրապես ՎԵՀԱՓԱՌ Վազգեն Առաջինի ծննդյան օրն էր: Այսօր Հայոց անկախության օրն է:
Վազգեն Առաջինի խոսքը Անկախության օրվա առթիվ.
«Նախաստեղծման հեռու ժամանակներում մեր քաջ նահապետ Հայկը արդարության երեքթեւյան իր նետով ճեղքեց խավարը բռնակալության եւ դրեց սահմանաքարը հայոց ազգի ազատ Տան: Այդ օրից ծնունդ առավ իշխանական արմենական երկիրը' Հայաստանը:
Անցան դարեր, եւ հրաշք տեսիլքով սուրբ Լուսավորչի' Աստծո Որդին իջավ Արարատյան աշխարհ ու իր հետ բերեց «լույսը փառաց», որով բացվեց ճանապարհը մեր ազգի ոգեկան ազատության:
Այսօր, երբ մեր պատմության նոր առավոտն ենք դիմավորում, հռչակումովը մեր նորածին հանրապետության անկախության, հիշենք հայրենաստեղծ Հայկ Նահապետին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ Քրիստոսի արարչագործ լույսով ոգեղենացրեց կյանքը հայոց, որով աշխարհի հորիզոնի վրա բարձրացավ ծիածանը «փառաց լույս» մեր աննման Ոսկեդարի: Նաեւ հետայսու մեր ազգի տենչանքը պիտի լինի անկախության ճանապարհով հասնել ազատագրված հայ ոգեկանության նոր բարձունքներին:
Հայեր, որ ի Հայաստան եւ որ ի սփյուռս աշխարհ, արթնացեք եւ ուխտեցեք մնալ հավատարիմ ազատն Հայկ Նահապետին եւ մեր հոգիների լուսավորչին ամենասուրբ:
Ողջույն եւ օրհնություն Հայաստանի ինքնիշխան անկախ մեր հանրապետության:
Օրհնություն եւ փառք մեր ազատատենչ ու հավատավոր ազգին»: