Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրաքյան Քրդստանում (ԻՔ) նախանշված անկախության հանրաքվեին ընդառաջ՝ նրա վարչական կենտրոն Էրբիլում տեղի ունեցած ավտոարշավում ԻՔ-ի դրոշի կողքին ծածանվել է ևս մեկ դրոշ՝ Իսրայելինը:
Իսրայելը ցայժմ Քրդստանի անկախացման օգտին պաշտոնապես հանդես եկած միակ միջազգային դերակատարն է: Մինչդեռ անհերքելի է, որ ԻՔ-ի անկախացման գործընթացով մերձավորարևելյան տարածաշրջանում սկիզբ է դրվելու որակապես նոր գործընթացի, որը խաթարում է և սպառնում է խաթարել տարածաշրջանային մի քանի երկրների՝ Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի, Իրանի տարածքային ամբողջականությունը:
Կասկածից վեր է, որ քրդական գործոնի սպառնալիքի տակ հայտնված թվարկված երկրների հակառակորդների կողմից այդ խաղաքարտն առնվազն կարճաժամկետ հեռանկարում գոնե ստվերային կերպով որոշակի աջակցության է արժանանալու, և նվազագույն հաջողության դեպքում գործընթացի աջակիցների թիվը միանշանակորեն աճելու է:
Իսկ Քրդստանի անկախության գործընթացի ստվերային աջակիցների թվում միանշանակորեն կարելի է նշել Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցում նրա արբանյակը հանդիսացող մի շարք երկրների: