Շատ լավ է ու հայավարի, տնավարի ու ախպերավարի, անօրինական ու ապօրինի՝ արդյունքում շատ ցավալի… Անտառ ենք հատում ու ճանապարհ փակում…Հետո հանգիստ սպառնում, որ անտառը կայրենք…


Լա՛վ է, շատ լավ…Սկսենք սրանց էլ հերոսացնել, արդարացնել…
Տավուշցիներն անտառն ապօրինի հատելու համար են ճանապարհը փակում, գեղարքունիքցի ձկնագողերը, Խոսրովի և մյուս արգելոցների որսագողերը նույնպես…Մնում է Արմավիրի «կանեփագործներն» էլ փակեն ճանապարհն ու ամեն ինչ տեղը կընկնի…


Հետո կփակեն կաշառակերները, քցողները, ջեբգիրները, ապօրինի շինարարություն կատարողները, հարկերը թաքցնողները, ու այդպես շարունակ… Դե նմաններին թվում է, որ գռփելով, գողանալով, թռցնելով, ապօրինությամբ, օրենք խախտելով երեխա պահելը տղամարդկություն է, հերոսություն և օրինական:


Իսկ հսկող, պայքարող, արգելող, օրինապահությամբ զբաղվող մարմինները ինչու՞են թույլատրել, սովորեցրել, լռել աչք փակել, օգտվել, օգնել…Նոր հիշեցի՞ք, որ անօրինական է, ապօրինի…
Եվ ի վերջո հերիք եղավ, օրենքը պետք է գործի բոլոր օղակներում՝ անխտիր…Այլապես նման անտրամաբանական ու ապուշ իրավիճակներ միշտ էլ կլինեն…Չեք զգու՞մ, որ արդեն բավական է ու խաղեր տալու ժամանակներն անցել են…

 

Ռոբերտ Մելքոնյան