Վերջերս ակտիվ շրջանառության մեջ դրված Գործ կա-Գործ չկա բանավեճն արդեն նույնիսկ վիրավորական է դառնում: Որոշ դեպքերում տպավորություն է, թե ողջ ազգը ծույլ ու անբան է, աշխատել չի ուզում:

 

Վեճին լուծում տալու համար առաջարկում եմ փոխել հեշթեգը՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿԱ: Հետաքրքիր է՝ քանի նորմալ հայտարարություն կլինի այդ հեշթեգով: Ընդ որում, պետք չէ ասել՝ դե, 150.000 (լավագույն դեպքում) աշխատավարձ ենք տալիս, էլ ինչ եք ուզում, յոթ եկեղեցում մոմ վառեք: Պարզ հաշվարկ արեք, թե, ասենք, հինգ հոգանոց ընտանիք որքան գումար պետք է մտնի ամսական ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար, երեխային բուհում ուսման տալու համար, այսինքն՝ մարդ զգալու համար:

 

Ես տնտեսագետ չեմ, բայց իմ կարծիքով՝ ցածր աշխատավարձերն արդեն իսկ խոսում են գործազրկության բարձր տոկոսի մասին, որովհետև մարդիկ հաճախ ուղղակի ստիպված են գնում ողորմելի աշխատավարձով աշխատանքի: Եվ վերջապես, չեն կարող բոլորը կամ գործարար լինել, կամ Հարվարդ ավարտած, կամ անպայման հինգ օտար լեզու իմացող: Հա, մեկ էլ, մի մոռացեք, որ այս երկրում քառասունն անց մարդիկ էլ են ապրում:
Հ.Գ.-Գործ կա-ի ներքո արդեն կամավորական աշխատանքի հայտարարություն էլ եմ տեսել: Ինչ կա որ, դա էլ է աշխատանք...