ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն Իրանին և Եվրամիությանն ավելի են մոտեցնում միմյանց
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ստորագրել է Իրանի նկատմամբ չեղարկված պատժամիջոցները 120 օրով երկարացնելու մասին ԱՄՆ կառավարության որոշումը. այսինքն՝ ըստ Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված միջուկային համաձայնության՝ Միացյալ Նահանգների նախագահը ֆինանսաբանկային ոլորտին առնչվող պատժամիջոցները, որոնք միջուկային համաձայնությամբ չեղարկվել են, կարող է 120 կամ 180 օրով հետո երկարացնել կամ դրանք կրկին սահմանել: 


Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներն իրանական որոշ ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանել՝ Թեհրանին մեղադրելով միջուկային համաձայնության էությունը խեղաթյուրելու մեջ:


Անկախ Թրամփի սույն որոշումից՝ Միացյալ Նահանգները, վերջին ամիսներին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելով, հետևողականորեն փորձում են փոխել միջուկային համաձայնության կատարման ընթացքը:


Սակայն Եվրամիությունը, հակառակ Վաշինգտոնի քաղաքականությանը, ամեն դեպքում փորձում է օգտվել միջուկային համաձայնության ընձեռած հնարավորությունից, և օրերս իրանական «Իրանխոդռո» և աշխարհահռչակ գերմանակ Mersedes Benz ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի՝ պետք է համատեղ ձեռնարկություն ստեղծվի, փաստացի Mersedes Benz-ը պաշտոնապես մուտք է գործում իրանական շուկա:
Նմանատիպ գործարքներն աստիճանաբար Եվրամիության ազդեցությունն ավելի են մեծացնում Իրանում, դա բնականաբար չի կարող չմտահոգել Վաշինգտոնին, ուստի Թրամփի նոր որոշումն ըստ ամենայնի կապված է նաև այդ հանգամանքի հետ:

Արմեն Իսրայելյան