Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի և իր ընտանիքի կողմից փողերի լվացման փաստի առնչությամբ: Հայտարարությամբ Ադրբեջանի թիվ մեկ կառույցը, այսինքն Ադրբեջանը, այդ փաստերի բացահայտման և շրջանառության մեջ կոնկրետ մեղադրում է Ջորջ Սորոսին և հայկական լոբբիին:

 

Սկզբում անդրադառնանք հայտարարության տեքստին, այնուհետև մեղադրանքներին:

Նախ՝ հայտարարությունը հերքման նշանակության բառերով, սակայն եղելությունը հաստատող բովանդակությամբ տեքստ է: Հետաքրքիրն այստեղ այն է, որ հայտարարությամբ նախագահի «կանտորան» հերքում է Ալիևի ու իր ընտանիքի անդամների՝ այդ սկանդալային պատմության հետ որևէ կերպ առնչվելու և կապված լինելու հանգամանքը միայն, սակայն ոչ մի խոսք չի ասվում փաստերի կեղծ լինելու, ադրբեջանցի չինովնիկների կապվածության կամ այդ ամբողջ պատմության սխալ լինելու մասին: Այսինքն հայտարարությունը ինքնին հաստատում է հեղինակավոր պարբերականների հրապարակումներում առկա փաստերը:

 

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նման երկրում 3 միլիարդ դոլար արժողությամբ գործարքները կամ նմանատիպ որևէ այլ գործողություն տեղի է ունենում բացառապես նախագահի իմացությամբ ու թողտվությամբ, ինչ-որ տեղ նաև նրա անմիջական «քավորությամբ», ապա ադրբեջանական նախագահականի համապատասխան գրասենյակը հաստատում է նաև Ալիևի առնչությունը այդ մութ գործարքներին: Լռությունն էս դեպքում ավելի արժեքավոր կդիտվեր:

 

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա Սորոսի հիմնադրամը մի փոքր ջանք եթե թափի Ադրբեջանին սևացնելու համար, ապա ոչ թե 3 այլ 333 միլիարդ դոլար չի բավականացնի այդ երկրի անունը վերականգնելու համար:

 

Իսկ հայկական լոբբին եթե կարողանում է ադրբեջանցիների լվացած 3 միլիարդի փաստն օգտագործել և լվացող կողմի համար ժամանակի ու տարածության մեջ սկանդալային էֆֆեկտ ապահովել, ապա դրվատանքի խոսքերը չեն բավականացնի հայկական լոբբիին գովերգելու համար: