Տարիներ շարունակ, զինված ուժերում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով, սպաների եւ զինվորների միջեւ մի տեսակ անջրպետ էր ձեւավորվել: Վերջին տարիներին, ու հատկապես անցած տարվա ապրիլին, երբ բազմաթիվ սպաներ մարտերի ժամանակ զինվորներից առաջ ու նրանց կողքին եղան, այդ անջրպետը կարծես սկսեց կոտրվել: Այս օրերին, մեդիայի եւ հանրության ուշադրության կենտրոնում են ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաները, որոնք ծառայության են անցնելու հիմնականում առաջնագծում:

 

Ամեն երիտասարդ չէ, որ կթողնի քաղաքացիական կյանքը ու շատ ցածր աշխատավարձով կյանքը կնվիրաբերի ոչ թե ուղղակի զինվորական, այլ գրեթե պատերազմական ծառայությանը: Ամեն երիտասարդ չէ, որ իր հարազատ քաղաքի լույսերը, սրճարանների, փաբերի աղմուկը, գյուղի լռությունն ու մաքուր օդը կփոխարինի դիրքերի փոշու, լիցքավորվող զենքի ձայնի եւ շակալների գիշերային ոռնոցի հետ: Մի տեսակ բարդ ընտրությունն են կատարել տղաները: Մեծ կամք պետք է ունենալ նման ընտրություն կատարելու համար:

 

Մկրտիչ Իսրայելյան