Ադրբեջանում կրոնական գործիչների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները կրկին սկսել են գրավել ադրբեջանական խնդիրներով զբաղվող իրանական աղբյուրների և փորձագիտական շրջանակների ուշադրությունը: Ադրբեջանի իշխանությունների հասցեին ուղղված քննադատության մեջ հետաքրքիր շեշտադրումներ են ավելացել, որոնց մի մասն ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին, իսկ մյուս մասը՝ միջազգային հանրությանը, մասնավորապես «իսլամական աշխարհին»:
Իրանի փորձագիտական շրջանակները երկրի ներսում խնդիրներ չունենալու համար Իլհամ Ալիևին կոչ են անում փոխել արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվող էլիտայի կազմը՝ ակնարկելով սալաֆիական-վահաբիական խմբավորումների և գյուլենականների՝ Ադրբեջանում ծավալած գործունեությունը:
Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, ապա Իրանի տեղեկատվական դաշտում հեղինակություն վայելող տեղեկատվական ռեսուրսներից մեկն այսօր, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների վարած կրոնական քաղաքականությանը, նկատել է, որ դրա հետևանքով Բաքուն հեղինակազրկվել է իսլամական աշխարհում՝ նույնիսկ ակնարկելով, որ այդ հանգամանքից կարող է օգտվել նաև Հայաստանը:


Արմեն Իսրաելյան