ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ. Նիկոլո Պագանինի և Պոլինա Բորգեզե
Այս սիրո պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Մեծ ջութակահարն այն պահել է իր սրտում, և միայն մի քանի ականատեսների վկայությամբ ու մտերիմ ընկերների պատմածով գիտենք, թե ով եղել Պոլինա Բորգեզեն Պագանինիի կյանքում:
Պոլինան Նապոլեոն Բոնապարտի քույրն էր' պայծառ, կրակոտ, կուրացուչիչ գեղեցկությամբ կին, որին հաջողվել էր նվաճել Եվրոպայի ամենաճանաչված տղամարդկանց սրտերը: Պոլինայի նկատմամբ անտարբեր չմնաց նաև հանճարեղ ջութակահարը: Պոլինան իսկապես գեղեցկուհի էր. նրա մարմինը կատարյալ էր: Շատերն էին գնահատել նրա մարմնի բարեմասնությունների հմայքն ու գեղեցկությունը, քանզի գեղեցկուհին գրեթե ոչ մեկին չէր մերժում. նրան համարում էին երկրի ամենանբարո կինը... Նա մի անսովոր համադրություն էր մարմի կատարյալ գեղեցկության և անհավատալի անբարոյականության: Դեռ վաղ տարիքից ճանաչելով մարմնական սերը' նա չէր ջանում երևալ բարեպաշտ, սիրում էր աղմկալից խրախճանքներ, կոպիտ զվարճանքներ: Նրան ամենևին չէին հետաքրքրում պոեզիան, գեղանկարչությունը, երաժշտությունը, լսել անգամ չէր ուզում կրթության մասին և իր սիրեկաններին արգելում էր զրուցել իր հետ իմաստուն բաների շուրջ:
Բոնապարտին հայտնի էին իր 16 ամյա քրոջ անբարո կյանքի մանրամասները: Խայտառակությունից ազատվելու և քրոջը մի փոքր խելքի բերելու համար նա որոշեց ամուսնացնել Պոլինային:
Շուտով մահանում է Պոլինայի ամուսինը, և նա կրկին նետվում է իր անհամար սիրեկանների գիրկը, ինչը կրկին խիստ զարյացնում է եղբորը՝ Բոնապարտին: Նա քրոջը նորից ամուսնացնում է. այս անգամ իշխան Բորգեզեի հետ: Սակայն դա էլ արդյունք չի տալիս. նա շարունակում էր անառակ կյանքով ապրել: Խենթացած կնոջ անամոթությունից' Բորգեզեն առաջարկում է նրան առանձին ապրել: Պոլինան ուրախությամբ համաձայնում է:
Եվ հենց այդ ժամանակաշրջանում էլ Պոլինան հանդիպեց տարօրինակ ու խորհրդավոր, մեծ երաժշտին:
Կային մարդիկ, ովքեր Պագանինիի հանճարեղության ֆենոմենը կապում էին մի հազվագյուտ հիվանդության՝ Մարֆանի համախտանիշի հետ: Շատերն էլ համարում էին, որ նա հոգին սատանային է վաճառել: Որոշ մարդկանց վախեցնում էին Պագանինիի արտաքինն ու դյուրաբորբոք բնավորությունը, և նրանք աշխատում էին չմոտենալ երաժշտին, իսկ ոմանց հիացնում, կախարդում էր նրա կերպարը, աստվածացնում էին նրան:
Հանճարեղ ջութակահարին սիրում էին կանայք, սակայն միայն Պոլինան դարձավ նրա իսկական մուսան: Շատերն էին զարմանում, թե ինչն էր գրավել զգուշավոր ու նրբամիտ ջութակահարին այդ անբարո, անառակ, ցանկասեր կնոջ մեջ... Նրանք դարձան անբաժան սիրեկաններ:
Պագանինին իր սիրավեպի մանրամասները ոչ մեկին չի պատմել: Շուտով նրանք բաժանվեցին, և Պոլինայի հերթական սիրեկանը դարձավ Պագանինիի մոտ ընկերը՝ Բլանջինին, որը չկարողացավ դիմակայել գեղեցկուհու հմայքներին, որով մեծ հարված հասցրեց ընկերոջն իր դավաճանությամբ: Խաբված ջութակահարը վերադարձավ Տոսկանիա: Պոլինան շատ արագ Բլանջինիին էլ թողեց՝ նետվելով մի երիտասարդ նկարչի գիրկ:
45 տարեկանում ընդհատվեց Պոլինայի բուռն ու անառակ կյանքը: Ջութակահարի նախկին ընկերն ու մրցակիցը գրեց նրան. «Հիշե՞ց քեզ արդյոք կոմսուհին, Նիկոլո, կարծում եմ՝ ոչ... Նա իր նախկին սիրեկաններին մատների արանքով էր նայում»: Հանճարեղ ջութակահարի համար անտանելի մռայլ ու տխուր օրեր էին դրանք... Եվ միայն մեկ ամիս անց, երբ ծնվեց որդին, Պագանինին կարողացավ ուշքի գալ խոր վշտից:
Կոմսուհի Պոլինա Բորգեզեի մասին հիմա հիշում են որպես միակը Նապոլեոնի հարազատներից, ով խնդրեց կայսերը թույլ տալ իրեն սիրելի եղբոր հետ մեկնել աքսորավայր՝ Սուրբ Հեղինե կղզի: Ահա այսպիսին էր Եվրոպայի այդ ամենաանառակ կինը...
Մեծ ջութակահարի և դարաշրջանի ամենահայտնի ու գեղեցիկ կանանցից մեկի սիրո պատմության մանրամասներն այդպես էլ մնացին առեղծված, չբացահայտված գաղտնիք բոլորի համար: Սիրահարները ցանկացան լռել իրենց սիրո մասին: