Բնակավայրերի և փողոցների անունների փոփոխության ցանցային քվեարկության բովանդակության մեջ մի քանի այլ անունների հետ Ա. Մյասնիկյանի անունն էլ կար։

 


Եթե այսպես եք փոփոխությունն անելու, ապա մի՛ արեք, որովհետև շատ եք նմանվում այն պրոլետարներին, որոնցից էությամբ հեռու էր Մյասնիկյանը։ Ո՜ւր էր թե այսօր հե՛նց ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ղեկավար ունենայինք։ Ի տարբերություն մերօրյա ստրկահաճ ղեկավարների, որոնք ժամանակ առ ժամանակ ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու կուտ են ցանում, իր բարձրագույն պաշտոնավարման սուղ տարիներին Մյասնիկյանն արմատախիլ արեց ստրկությունը։ Հիմնարկներից մեկի տնօրենին, որ հանդգնել էր գործավարությունը ռուսերեն կատարել, Մյասնիկյանը ոչ միայն ազատում է աշխատանքից, այլև «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթում երկու էջ ծավալով (հասկանալիորեն՝ ինտերնացիոնալիզմի դիրքերից) հոդված է տպագրում՝ ի թիվս այլոց պախարակելով նաև օտարամոլության և ազգային արժանապատվության վարկաբեկման վարակ սփռողներին։

 


Այո՛, պիտի լինի անվանափոխություն, բայց միայն՝ հրապարակային քննարկումներով զուգակցված։ Այլապես, ինչպես ասացի վերը, հայրենաշինության փոխարեն պրոլետկուլտականությանն ենք տուրք տալու՝ խառնելով թացն ու չորը։
ՉՀԱՆԴԳՆԵ՛Ք ԴԻՊՉԵԼ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ Ո՛Չ ԱՐՁԱՆԻՆ, Ո՛Չ ԱՆՎԱՆԸ։