Սիրիական հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի կողմից առաջարկված (նաև Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ) Սիրիայում լարվածությունից զերծ գոտիներ ստեղծելու ծրագիրը, դրան հավելած նաև՝ Արաբական Հանրապետության՝ հարավային և հարավ-արևմտյան շրջաններում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա հայտարարված հրադադարի ռեժիմը, ըստ էության, ուրավագծում են արդեն կանխատեսելի ապագայում այս հակամարտության հիմնական արտաքին դերակատարների ազդեցության ներքո գտնվելիք շրջանները: Այսպես, մեծ հավականությամբ՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքը գտնվելու է հիմնականում Ռուսաստանի և Թուրքիայի, հյուսիս-արևելքը՝ մեծամասամբ ԱՄՆ-ի, կենտրոնը՝ Ռուսաստանի, Իրանի, մասամբ նաև Թուրքիայի, արևմուտքը՝ Իրանի, Ռուսաստանի, հարավը՝ ԱՄՆ-ի Պարսից ծոցի արաբական միապետությունների ազդեցության ներքո և այլն:
Լոկալ առումով պատկերն առավել խայտաբղետ է, քանի որ սիրիական ռազմադաշտի մասնակից դերակատարների շրջանակը բավական լայն է, ընդ որում, և՛ սիրիական ծագումով, և՛ օտարերկրյա, հետևաբար երկրի մասնատվածության իրողությունն էլ այս տեսանկյունից շատ ավելի մեծ է, իսկ բաժանարար սահմանագծերը՝ խիստ պայմանական: Որպես օրինակ՝ երկրի հյուսիս-արևմտյան, արևմտյան, հարավ-արևմտյան կենտրոնական շրջանների հիմնական մասը մեծամասամբ վերահսկում են սիրիական կառավարական ուժերը, լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության զինյալները և նրանց հարող մի շարք այլ խմբավորումներ: Պայմանականորեն, հյուսիսային, հատկապես հյուսիս-արևելյան հատվածները հիմնականում գտնվում են քրդական տարաբնույթ միավորումների, կենտրոնից արևելյան ուղղությամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների, հյուսիսային, կենտրոնական, հարավային, հարավ-արևմտյան որոշ հատվածներ՝ սիրիական տարաբնույթ հակակառավարական խմբավորումների ազդեցության ներքո:
Բացի նշվածից, տարբեր ներսիրիական դերակատարների ազդեցության գոտիները կարելի է դասակարգել նաև՝ ըստ առանձին վարչական միավորների: Որպես օրինակ՝ ափամերձ Տարտուս նահանգն ամբողջությամբ, Լաթակիա, Հոմս, Հալեպ, Դամասկոս, ալ-Կունայտրա նահանգները մեծամասամբ վերահսկում են կառավարական ուժերն ու նրանց դաշնակից խմբավորումները, Դեր Զոր, ալ-Ռակկա նահանգների զգալի մասը՝ ԻՊ-ը, ալ-Հասաքա նահանգը գրեթե ամբողջությամբ, Ալ-Ռակկա և Հալեպ նահանգների որոշ հատվածներ՝ քրդական զորաջոկատները, Իդլիբ նահանգն ամբողջությամբ, Դամասկոսի, Լաթակիայի, Համայի, Դարաայի, ալ-Կունայտրայի որոշ հատվածներ գտնվում են տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների փոփոխական ազդեցության ներքո:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ մասնատվածության վերոնշյալ պատկերից բացի, առկա է նաև ավելի նեղ, հատվածային բաժանման իրողություն, երբ առանձին բնակավայրեր, գյուղեր, թաղամասեր վերահսկվում են միևնույն ճամբարի, ասենք, էթնիկ կամ նեղ գաղափարական հիմքերով տարանջատված տարբեր կառույցների կողմից: Դիցուք, Իդլիբ նահանգի օրինակը, որտեղ գործում են տարբեր տրամաչափի և ներուժի մի քանի տասնյակ խմբավորումներ, անգամ ավելի փոքր մասշտաբի խմբեր:
Որպես օրինակ՝ հակակառավարական խմբավորումների ամբողջական ազդեցության ներքո գտնվող Իդլիբ նահանգի ռազմավարական նշանակության Ջիսր ալ-Շուղուր քաղաքը լիովին վերահսկվում է ույղուրական «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» կառույցի զինյալների կողմից. շուրջ 40 հազ. բնակչություն ունեցող բնակավայրը, ըստ էության,գտնվում է 3000 ույղուր զինյալների ազդեցության տակ: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների՝ Սիրիայի հյուսիսում բնակչության էթնիկ կազմի բալանսը փոխելուն միտված նպատակային քաղաքականություն է իրականացնում Թուրքիան՝ լուրջ արտոնություններ և սեփական քաղաքացիություն շնորհելու միջոցով նշված հատվածներում խրախուսելով թյուրքական ծագման բնակչության հաստատումը:
Վերոնշյալն, անշուշտ, ընդամենը Սիրիայում առկա իրավիճակի խիստ հպանցիկ և շատ պայմանական բաժանման պատկերն է, ինչը, բնականաբար, հակամարտության շարունակման պարագայում ավելի կխորանա՝ առավել բարդացնելով երկրի միասնականությունը վերականգնելուն միտված թեկուզ դեռևս հռչակագրային ջանքերը:
Հ.Գ. գրառմանը կցված քարտեզում, որոշ փոփոխություններով, հիմնականում արտացոլված է Սիրիայում առկա իրավիճակը և ռազմական գործողությունների հիմնական ուղղությունները: