Գրիգոր Արծրունին գտնում էր, որ հայ ժողովուրդը պետք է հեռու մնա սոցիալիստական շարժումներից, որոնք 19-րդ դարի 70-ական թվականներից սկսած լայնորեն տարածվում էին Ռուսաստանում։ Ըստ Արծրունու՝ «մեր բնավորությանը հակառակ է սոցիալիզմի որևէ գաղափար, մեզ անհասկանալի են այդ երազական մտքերը։ Սոցիալիզմը հակառակ է մեր բնավորությանը և մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործ դնենք մեր անդրկովկասյան ազգությունների, հայերի, թուրքերի և վրացիների ինքնակրթության գործը առաջ տանելու»։

 

Հետաքրքիր է, որ Արծրունու գնահատականը իրականության այնքան էլ չէր համապատասխանում։ Թեև մենք՝ հայերս, ինչ-որ առումով պահպանողական ենք, սակայն հեղափոխական գաղափարները լայնորեն տարածվել են հայկական միջավայրում։ Դրանց մի մասը գալիս էր Եվրոպայից, մի մասը՝ Ռուսաստանից, ու մենք զգալի թվով հեղափոխականներ ենք ունեցել։