Մեզ ամեն ինչ սխալ են սովորեցրել: Մեզ չեն ասել՝ փողոցն անցումով կանցնես ու կանաչ լույսի տակ, մեզ ասել են՝ կնայես կողքերդ, եթե մեքենա չլինի, կանցնես: Մեզ չեն սովորեցրել հասկանալ բանաստեղծությունների տողատակերը, մեզ ստիպել են հյուրերի մոտ վարժեցրած շան նման արտասանել էդ բանաստեղծությունները: Դպրոցում մեզ չեն ասել՝ կարդացեք ստեղծագործությունն ու եկեք, քննարկենք, մեզ ասել են՝ անգիր արեք: Մեզ չեն սովորեցրել անել լավագույնը, մեզ ասել են՝ ստացիր լավագույն գնահատականը:

 

Մեզ չեն սովորեցրել օգնել մարդկանց, երբ տեսնում ենք դրա կարիքը, մեզ պարտավորեցրել են ոտքի կանգնել ու տեղ զիջել մեզ վրա մունաթ եկողին, որովհետև մեզ չեն ասել՝ պաշտպանիր իրավունքներդ, մեզ ասել են՝ զուսպ եղիր, ամոթ ա....

 


Մեզ չեն սովորեցրել սիրել, մեզ սովորեցրել են ≪բարոյական≫ լինել: Մեզ չեն սովորեցրել ապրել, մեզ սովորեցրել են մաքառել, որովհետև հարևանի երեխան մաքառում ա, ուրեմն մենք պետք ա ավելի շատ մաքառենք:
Մեզ չեն ասել՝ ազատությունն ինչ ա, մեզ ծնված օրվանից վախեցրել են հազար տեսակ բժիշկներով, հարևաններով, մեշոկ պապիներով ու աստվածներով:
Մեզ չեն սովորեցրել, թե ոնց ա աշխատում մարդու օրգանիզմը ու ինչի ա մեզ պետք էս կամ էն սնունդը, մեզ ասել են՝ կեր, թե չէ գլխիդ կլցնեմ:

 


Մեզ մոռացել են պատմել, որ մարդիկ լինում են տարբեր ու մոռացել են սովորեցրել՝ շփվել այլազգիների հետ: Բայց չեն մոռացել մեզնից անգիր կորզել, որ՝
≪Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք≫: