Գերմանական Spiegel-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է Բեռլինին, որ հուլիսի 17-ին Բունդեսթագի մի խումբ պատգամավորների կայանալիք այցը Կոնյա քաղաքում ծառայող գերմանացի զինվորականներին ցանկալի չէ: Այսինքն, Էրդողանն այս անգամ ևս թույլ չտվեց գերմանացի պատգամավորներին այցելել Թուրքիայի տարածքում ծառայող իր զինվորներին: 
Մինչ Կոնյայի ռազմաբազա այցելելը գերմանացի պատգամավորները մի քանի անգամ ցանկացել են այցելել Ինջիրլիկի ռազմաբազայում ծառայող իրենց հայրենակիցներին, սակայն Անկարան արգելել է նրանց դա անել: Թուրք-գերմանական հարաբերությունները բավական լարված են և դա պայմանավորված է թե՛ 2016 թ-ի հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, թե՛ այս տարի Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված քարոզարվաշի ժամանակ թուրք նախարարների մուտքը Գերմանիա արգելելու հետ: 
Ի դեպ, պաշտոնական Բեռլինը հայտարարել էր, որը եթե Անկարան շարունակի գերմանացի օրենսդիրներին խոչընդոտել Թուրքիայում ծառայող իր զինվորականներին այցելելը , ապա Գերմանիան իր զինվորականներին Թուրքիայից դուրս կբերի և կտեղաբաշխի Հորդանանում: Այս վերջին արգելքից հետո, հավանական է, որ Անգելա Մերկելն այդպես էլ վարվի:


Գագիկ Համբարյան