Հայտնի է, որ ցանկացած քաղաք, բնակավայր չի կարող կառուցվել և շենանալ մեկ օրում կամ մեկ տարում: Նաև, բնականաբար, մեկ օրում կամ մեկ տարում չեն կարող ձևավորվել և կայանալ տվյալ քաղաքի, բնակավայրի պատմությունն ու ավանդույթները: Այդ ամենի համար, թերևս, մի քանի սերնդի ջանքերն են հարկավոր, իսկ ամեն մի նոր եկող սերունդ ցանկալի է և գուցե նաև պարտադիր, որ հիշի ու պահպանի իր նախորդներից ժառանգված այն ամենը, ինչը դրական էր, բարի և լուսավոր:
Մենք բոլորս յուրովի սիրում ենք մեր Երևանը, և որքան էլ նրա պատկերը փոփոխված ու վերաձևված լինի հիմա, մեկ է' միջին և մեծ սերունդների համար մինչև հիմա էլ հարազատ քաղաքում այնպիսի նվիրական անկյուններ կան, որոնք միշտ էլ կմնան այդ սերունդների հիշողության մեջ իրենց նախկին, անաղարտ կերպարանքով:
Երևանում մեծ քաղաքի ավանդույթները սկսեցին ձևավորվել արդեն 1960-ականների սկզբին, երբ ամենուրեք արագորեն սրճարաններ էին բացվում՝ «Կռունկ», «Արաքս», «Անահիտ», «Արգիշտի», «Գուսան», և այլն: Իհարկե, մի առանձին տարեգրություն է իրենից ներկայացնում երևանյան երիտասարդության դարբնոցը՝ հանրահայտ «Բերմուդյան եռանկյունին», որը բաղկացած էր «Պոպլավոկ», «Սկվոզնյաչոկ» և «Կոզիրյոկ» սրճարաններից: Բայց այս բոլոր սրճարանների թվում կար մեկը, որն իրոք բացառիկ էր այն ժամանակվա համար: Դա «Հեքիաթն» էր՝ Երևանում բացված առաջին մանկական սրճարանը: Այն գտնվում էր Երևանի հենց սրտում՝ Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ, բնակելի շենքի առաջին հարկում, հենց այն նույն վայրում, որտեղ հիմա տեղակայված է «Կարաս» ազգային սննդի ցանցի մասնաճյուղերից մեկը:
Սրճարանի ներքին ձևավորումն արված էր տարբեր հեքիաթների դրվագների և հերոսների պատկերների հիման վրա, իսկ ամենամեծը շաղգամը քաշող պապիկի, տատիկի և թոռնիկի պատկերն էր՝ «Պապն ու շաղգամը» հայտնի հեքիաթից: «Հեքիաթը» գործում էր մինչև երեկոյան ժամը վեցը, և երեխաները, բնականաբար, սրճարան էին այցելում մեծերի ուղեկցությամբ: Սեղաններն ու աթոռները հիմնականում ցածր էին, որովհետև սրճարանն ի սկզբանե նախատեսված էր եղել մանկահասակ երեխաների համար: Մի այսպիսի հետաքրքիր ավանդույթ էր ձևավորվել այստեղ. մոտակա դպրոցների ցածր դասարանների աշակերտները «Հեքիաթ» էին գալիս դասարան առ դասարան' իրենց ուսուցիչների ուղեկցությամբ:
«Հեքիաթ» սրճարանի ճաշացանկը խորհրդային ժամանակաշրջանի պետական «ստանդարտ փաթեթն» էր' վերմիշել, մակարոն, հնդկաձավար, կարտոֆիլ, երշիկ, նրբերշիկ, կարկանդակ: Ըմպելիքներից' կաթով կակաո, լիմոնադ, մրգային հյութեր՝ հիմնականում դեղձի կամ լոլիկի: Այդ հիմա, շաուրմայի և կոկա-կոլայի ներկա բուռն դարաշրջանում, ներկայացված պատկերը գուցեև անսովոր և անհավանական թվա, բայց դա իրոք այդպես էր:
Սրճարանում կար նաև դաշնամուր, և ընդունված էր կազմակերպել այստեղ երեխաների ծննդյան տոները, որը նորություն էր այն ժամանակվա համար: «Հեքիաթ» սրճարանի աջ կողմում էր գտնվում Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի երկհարկանի հին շենքը՝ այսօր այստեղ այլ շենք է կառուցված, իսկ ձախից' երեխաների կողմից շատ սիրված նամականիշների խանութն էր: «Հեքիաթը» գործեց մինչև 1980-ականների վերջը, և 60-ականներին իրենց ծնողների հետ այս սրճարանը հաճախած սերունդը 80-ականներին հասցրեց այստեղ գալ արդեն իրենց զավակների հետ:
Ռուբեն Շուխյան