Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Նյու Յորք կարող է մեղմել Իրան-ԱՄՆ հարաբերություններում վերջին շրջանում առաջացած լարվածությունը: Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ամենամյա Բարձրագույն քաղաքական ֆորումին:
Թեև պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, թե Իրանի ԱԳ նախարարը հատկապես որ երկրների ներկայացուցիչների հետ է հանդիպում ունենալու, սակայն Միացյալ Նահանգների հետ բանակցելու մեծ փորձ ունեցող Զարիֆը Նյու Յորքում գտնվելու առիթն, անշուշտ, կօգտագործի ամերիկյան կողմի հետ գուցե ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում պարզաբանելու երկկողմ փոխհարաբերությունների հեռանկարը:
Նախարար Զարիֆն արտաքին քաղաքականության ոլորտում մեծ փորձ ունի։ Նա 5 տարի ղեկավարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական առաքելությունը, Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար աշխատած տարիներին մասնակցել է միջուկային խնդրի շուրջ անցկացված բանակցություններին, ինչպես նաև անցած 20 տարիների ընթացքում մասնակցել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացված գաղտնի բանակցություններին:
Չնայած Իրանի զինվորականությունը վերջին շրջանում բավականին կոշտ է արձագանքում ամերիկյան կողմի՝ Իրանին ուղղված հայտարարություններին, ԻԻՀ քաղաքական իշխանությունը, ի դեմս արտգործնախարարության, հայտարարում է, որ Թրամփի՝ «իրանական քաղաքականությանն» արձագանքելու հարցում դեռ չի շտապում: