Իսրայելում օրենքի առաջ հավասար են բոլորը՝ այդ թվում և բարձրաստիճան պաշտոնյաները։ Երկրի բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ տարբեր մեղադրանքներով մեկ անգամ չեն հարուցվել քրեական գործեր և իրացվել ազատազրկման դեպքեր։
Օրերս պարզ դարձավ բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ անձերի մասնակցությամբ հերթական աղմկահարույց գործը, որի հետաքննությունը դեռևս գտնվում է ընթացքի մեջ։
Ս.թ. հուլիսի 11-ին Իսրայելի ոստիկանությունը ձերբակալեց Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի սպայի՝ գեներալ-մայոր զինվորական կոչումով, ում անունը գործի քննության գաղտնիության հետ կապված դեռևս ենթակա չէ հրապարակման։ Պահեստազորի բարձրաստիճան սպայի նկատմամբ կոռուպցիայի գործով մեղադրանք է առաջադրվել Իսրայելի կողմից գերմանական ThyssenKrupp ընկերությանը սուզանավերի ձեռքբերման պատվերի՝ հայտնի գործարքին մասնակցություն ունենալու համար։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, բարձրաստիճան սպան հանդիսանում է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մտերիմներից մեկը։
Այս գործով ձերբակալվել են նաև երկրի Ազգային անվտանգության խորհրդի նախագահի նախկին տեղակալ Ավրիել Բեն-Յոսեֆը, երկրի ղեկավարությանը մոտ կանգնած անձինք՝ գործարար և հասարակությանը հայտնի շրջանակներից։
Կարեն Վերանյան