Վերջին օրերին Ռուսաստանից ու Թուրքիայից պարբերաբար հայտարարություններ են հնչում Թուրքիայի կողմից ռուսական C-400 համալիրների ձեռքբերման վերաբերյալ: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆ. Ըշըքը օրերս հայտարարեց, որ համալիրների ձեռքբերման հարցով տեխնիկական աշխատանքներն ավարտվել են և մոտեցել են այդ հարցում վերջնական որոշմանը: Ավելի վաղ նման հայտարարություն էր հնչել նաև Ռուսաստանից՝ չնայած կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա այդ համալիրների ձեռքբերման համար թուրքական կողմին հատկացվելիք վարկի չափի ու պայմանների շուրջ: Բանակցություններում կարևոր կետերից մեկը Թուրքիայում այդ համալիրների համատեղ արտադրության ու տեխնոլոգիաների տրամադրման հարցն է, որի վերաբերյալ, կարծես, համաձայնություն չկա: Ռուսաստանը դժվար թե համաձայնի կիսել ռազմավարական նշանակության տեխնոլոգիաները Թուրքիայի հետ: 
Թուրքական պարբերականներից մեկի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան սեփական հեռահար հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման շրջանակում ձեռք է բերելու ռուսական C-400 համալիրներ, սակայն հետագայում նախատեսվում է համագործակցություն սկսել ֆրանս-իտալական «Eurosam» կոնսորցիումի հետ: 
Եթե նման տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, նշանակում է, որ հեռահար ՀՕՊ համալիրների համատեղ արտադրության, ավելին՝ տեխնոլոգիաների փոխանցման շուրջ Ռուսաստանի հետ համաձայնություն չի կայացվում, քանի որ թուրքական կողմի ակնկալիքը նաև տեխնոլոգիաների յուրացումն ու համատեղ արտադրական գործընթացի իրականացումն էր: Թուրքիան, երբ տարիներ առաջ հրաժարվեց այդ համալիրների ձեռքբերման միջազգային մրցույթից, սեփական մշակման ու արտադրության նախագծի վերաբերյալ որոշում կայացրեց, ինչն առանց օտարերկրյա տեխնոլոգիաների գրեթե անհնարին կդարձնի այն: 
Ակնհայտ է, որ նման հավակնոտ ծրագիրը երկար տարիներ կպահանջի Անկարայից՝ հսկայական ռեսուրսներով ու ծախսատարությամբ: Ուստի, Թուրքիան նման հեռահար համալիրների խիստ կարիք ունի, քանի որ հեռահար ՀՕՊ բաղադրիչը բավական թույլ է: Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է իր առաջնահերթ կարիքներն ապահովելու համար այս իրավիճակում Ռուսաստանից պատրաստի համալիրներ ձեռք բերել, որոնք, իհարկե, չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի միասնական ՀՕՊ համակարգին, այլ կլինեն առանձին, զուտ ազգային պաշտպանական իրավասության շրջանակում: Որոշ առումներով սա ձեռնտու է Թուրքիային:
Այսինքն C-400-ների հավանական ձեռքբերումը Թուրքիայի ռազմական հրատապ կարիքներն ապահովելու և քաղաքական առումով որոշակի դիվիդենտներ ապահովելու նպատակ ունի: Նախ Ռուսաստանի հետ նման գործարքը կմեծացնի երկկողմ վստահությունը և մյուս կողմից էլ հետագա ռազմավարական նախագծերի հետ կապված կմեծացնի Թուրքիայի մանևրի հնարավորությունը ՆԱՏՕ-ի իր գործընեկրների մոտ: Սեփական արտադրական նախագծի զարգացման համար Թուրքիան կարող է բանակցություններ սկսել եվրոպական կոնսորցիումի հետ, որտեղ առաջնահերթ խնդիրը լինելու է տեխնոլոգիաների յուրացումն ու համատեղ արտադրությունը:
Ի դեպ, սիրիական ճգնաժամի շրջանակում Իտալիան Թուրքիայի տարածքում ժամանակավորապես տեղակայել էր «SAMP/T» ՀՕՊ համալիրներ, որոնց նկատմամբ թուրքական իրավասու շրջանակները ուշադրություն էին դրսևորում:

 

Լևոն Հովսեփյան