Սաուդյան Արաբիա-Կատար ճգնաժամի հետևանքով առաջին էական կորուստն արձանագրվել է ոչ ավել, ոչ պակաս Արաբական անապատի խորհրդանիշը հանդիսացող մեծաթիվ ուղտերի սատկելու եղանակով:
Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից Կատարի քաղաքացիներին ներկայացված թագավորության տարածքը լքելու երկշաբաթյա վերջնաժամկետի ավարտից հետո երկու երկրների միջև եղած ցամաքային սահմանին կուտակվել են Կատարի քաղաքացիներին պատկանող տասնյակ հազարավոր ուղտեր: Բանն այն է, որ սաուդական կողմից սահմանային անցակետով հնարավոր է թողնել օրական միայն մի քանի հարյուր կենդանի, իսկ անցած 2 շաբաթների ընթացքում Կատարի տարածք է անցել մոտ 25000 ուղտ (սահմանի կատարյան հատվածում ստեղծվել են արաբների համար այնքան խորհրդանշական այս կենդանիների խնամքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները), հազարավոր կենդանիներ դեռ սպասում են իրենց հերթին, մի քանի տասնյակն էլ սատկել է տարբեր հիվանդությունների, անասնակերի և ջրի պակասի պատճառով...
Հատկապես սատկած կենդանիների վերաբերյալ լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցիալական ցանցերի արաբական տիրույթում՝ սուր քննադատությունների թիրախ դարձնելով սաուդյան թագավորական ընտանիքի անմարդկային և դաժան վերաբերմունքը մարդկանց և կենդանիների նկատմամբ:
Արմեն Պետրոսյան