Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանման հիմնահարցի անկյունաքարը արցախյան հիմնախնդրի կարգավորման հետագա ընթացքն է: Վրաստանն ընտրում է զարգացման եվրաինտեգրման ուղին, Ադրբեջանն իրեն տեսնում է Թուրքիայի հետ դաշինքի խորացման հարթությունում: Հարավկովկասյան տարածաշրջանում Հայաստանը միակ պետությունն է, որի տարաշրջանային անվտանգության ապահովման հարցն ըստ էության ռազմավարական նշանակություն ունի Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար:

 

Ի տարբերություն ՌԴ-Վրաստան և մասամբ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների, Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ նաև ինստիտուցիոնալ ձևաչափով' ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում: Ուստի այս տեսանկյունից, արցախյան հիմնախնդիրը և դրա կարգավորման գործընթացը, հանդիսանալով Հայաստանի տարածաշրջանային անվտանգության առանցքային բաղկացուցիչ մասը, մեծապես պայմանավորում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության հետագա այս կամ այն դրսևորումը: Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի համար ոչ շահեկան մոտեցումները, որոնք ուղղակիորեն կարտացոլվեն հայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումներում, իրենց բացասական ազդեցությունը կթողնեն նաև Հայաստանում և ողջ տարածաշրջանում ՌԴ դիրքերի վրա և հակառակը:

 

Կարեն Վերանյան