Կասկադի պուրակում, Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնած կամարներով այս շենքի կողքով բոլորն էլ անցնում էին, սակայն քչերն էին տեղյակ, որ հենց այստեղ էր ժամանակին գտնվում 1970-ականների երևանյան ամենահայտնի ու թերևս ամենասիրված պանդոկներից մեկը' «Թեմուրնոցը»: Այն գործեց 1962-ից մինչև 1980-ականների սկիզբը, և ահա 2016-ի նոյեմբերին այն վերաբացվեց՝ նույն վայրում, նույն անունով և անգամ՝ նույն ֆիրմային ուտեստով:
Ժամանակին «Թեմուրնոց» հիմնականում հաճախում էին երևանյան մտավորականները՝ ստեղծագործական բնագավառի մարդիկ: Այդ առումով այն սովորական պանդոկ չէր, այլ կարծես այլընտրանքային ակումբի նման մի յուրահատուկ երևույթ, որտեղ համեստ հնարավորություններով գրողները, նկարիչներն ու դերասանները' համեղ կերակուր ճաշակելով և գարեջուր ըմպելով քննարկում էին իրենց հուզող տարբեր ստեղծագործական հարցեր:
«Թեմուրնոցը» կոչվում էր նրա պանդոկապանի' ուստա Թեմուրի անունով, որը շատ յուրահատուկ և պատկերավոր մի անձնավորություն էր' միշտ ճշգրիտ, զգոն և արդար: Երբ 1974-ին գարեջրատան հարևանությամբ' Մոսկովյան փողոցի վրա տեղադրվեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, պանդոկի բոլոր հաճախորդներն էլ միակարծիք էին, որ սա հենց ինքն է, որ կա, մեր հարազատ Թեմուրը' երկու ձեռքերով հենված սեղանին:
Շատերն են վկայում, որ ուստա Թեմուրը պանդոկ հաճախած և վճարի գումար չունեցող գրողներից ու արվեստագետներից հաճախ ընդհանրապես փող չէր վերցնում: Բարեսիրտ պանդոկապանը ոչ մեկին չէր մերժում, իսկ չվճարած հաշիվներն ավելացնում էր իր հայտնի պարտքացուցակում և մեծ մասամբ հետագայում «մոռանում» այդ պարտքերի մասին։ Այո, բազմաթիվ երիտասարդ մտավորականներ այդպես էլ մինչև վերջ պարտք մնացին Թեմուրին: Իսկ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանից, որը 60-ականների վերջին, 70-ականների սկզբին երևանյան ստեղծագործական շրջանակում ճանաչված և սիրված անձնավորություն էր, Թեմուրն ընդհանրապես փող չէր վերցնում: Գիտեր, որ Սլավիկը կամ պարզապես Չիլոն շատ տաղանդավոր է, բայց փող չունի, տուն, աշխատանք՝ նույնպես։
Մի այսպիսի հիշողություն էլ կա՝ կապված Սլավիկ Չիլոյանի հետ: Սլավիկի մտերիմները գիտեին, որ նա միշտ պարտք էր Թեմուրին, և երբ Թեմուրը մահանում է, Սլավիկը պարտքը վերադարձնում է պանդոկում Թեմուրին փոխարինողին, որը տեղյակ էլ չէր այդ պարտքի մասին: Սլավիկը մի պայման է դնում միայն, որ երբ մտնի «Թեմուրնոց»' պարտադիր մի բաժակ ձրի գարեջուր պետք է ըմպի: Ասում են, որ այդ պայմանը կատարվում էր մինչև Սլավիկի ողբերգական մահը' 1975-ի նոյեմբերին «Պապլավոկ» («Առագաստ») սրճարանում տեղի ունեցած դժբախտ պատահարից:
«Թեմուրնոցի» ֆիրմային ուտեստը հետևյալն էր. կլոր սև թավաների մեջ տապակվում էր բարակ կտրատած սարդելկան և կիսախաշած կարտոֆիլը, և այդ ամենը լիուլի համեմվում աղացած կարմիր պղպեղով: Մեկ չափաբաժինը հենց այդպես էլ կոչվում էր' մի «թեմուր», ու այդպես էլ պատվիրվում էր սպասասեղանի մոտ կանգնած պանդոկապան Թեմուրին: Թավաները երեք տեսակի էին. փոքրը' երկու չափաբաժին (կամ, բնականաբար, երկու «թեմուր»), միջինը' չորս և մեծը' վեց: Հացը և ավանդական թթուն տրվում էր պատվիրված ուտեստի չափաբաժիններին համապատասխան: Իհարկե, խոհարարական տեսակետից' դա պարզունակ մի կերակուր էր, բայց գնային առումով' շատ մատչելի և միաժամանակ համեղ ու կշտացնող' էլ ի՞նչ էր հարկավոր այն ժամանակվա երիտասարդության համար:
Գարեջուրը լցնովի էր' մեկ, երկու կամ երեք լիտր ապակյա տարաներով (բալոններով), որոնք հաճախորդը պետք է ինքը բերեր սպասասեղանից' իր սեղանին, և նոր արդեն այնտեղ լցներ գարեջուրը բաժակների մեջ: Գարեջրի տարաները լցվում էին ոչ միանգամից, այլ դրվում էին «հերթի», քանի որ լցնելու ընթացքում շատ փրփուր էր առաջանում ու տարան լցվում էր ընդհատումներով' մինչև որ փրփուրը պակասի:
Ահա այդպիսին էր 70-ականների երևանյան հանրահայտ «Թեմուրնոցը»' նաև այն ժամանակվա ուսանողության սիրված վայրերից մեկը, որտեղ սեղանի շուրջն անվերջանալի էին ընկերական բազմաբնույթ զրույցներն ու քննարկումները, այսինքն՝ կենդանի մարդկային շփումը, որին ոչ մի սոցիալական ցանց, իհարկե, չի կարող փոխարինել:
Ռուբեն Շուխյան