Ես չգիտեմ՝ որքանով արձագանք կգտնի Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը օրհներգ դարձնելու գաղափարը, բայց մի բան ակնհայտ է. դա մի երգ է, որը ոգևորում և հուզում է:
Անձամբ ես, որքան լսում/դիտում եմ, էդքան հուզվում եմ: Մեկ էլ այս վիդեոն ցույց է տալիս, թե որքան ազդեցիկ և հեղինակավոր է եղել 89-ին Ազնավուրը: Երգը ֆրանսերենով կատարում է ֆրանսիական էստրադայի 86 սուպերաստղ, այդ թվում՝ Ադամոն, Զոնի Հոլիդեյը, Պատրիսիա Կաասը, Միրեյ Մատիեն, Վանեսա Պարադին, Ժակ Վեբերը: Ֆրանսահայերից, բացի Ազնավուրից, երգում են նաև Ազնավուրի դուստրը` Կատյան, Սերժ Ավետիքյանը և Ռոզի Արմենը:
Գուցե կա որոշակի երաժշտական կանոն, թե ինչպիսին պետք է լինի օրհներգը, և այդ իմաստով գուցե Ազնավուրի և Գարվարենցի երգը փոփ է, բայց մյուս կողմից՝ սա չհնացող ստեղծագործություն է, որ ցանկանում ես լսել կեսգիշերին, դրոշը բարձրացնելիս, զինվոր ճանապարհելիս, մեծ հանդիսություն սկսելիս: Հարցն ուղղակի այն է, թե արդյոք այդքանը բավարար է...
Գրառումը` հեռուստամեկնաբան Արտակ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից