Թեհրանը հանդես է գալիս միացյալ Իրաքի օգտին և Իրաքյան Քրդստանը ճանաչում է որպես միասնական Իրաքի անբաժանելի մաս։

 

Մինչ այդ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ և դեմ էր արտահայտվել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանը, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին։

 

Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանային երկու գերտերություններ' Թուրքիան ու Իրանը, դեմ են հանդես գալիս Իրաքյան Քրդստանի անկախությանը: Անկարան ու Թեհրանը գիտակցում են, որ անկախ Քրդստանը նրանց սահմանների երկայնքով կակտիվացնի անջատողական ձգտումները Թուրքիայի ու Իրանի քրդաբնակ շրջաններում ու «դոմինոյի էֆեկտով» կխրախուսի անջատողականությունն ու կձևավորի Մեծ Քրդստան, ինչի մասին տասնամյակներ առաջ գրել էին ամերիկյան ստրագետները Մեծ Մերձավոր Արևելքի մասին փորձագիտական կարծիք հայտնելիս։

 

Չմոռանանք, որ Սիրիայի քրդաբնակ շրջաններն էլ վարում են Դամասկոսից անկախ քաղաքականություն, ունեն իրենց մարտունակ զինված ուժերը, իսկ Իրաքյան Քրդստանն ունի հարուստ պաշարներ' նավթ, գազ, այլ հանածոներ, մարտունակ զինված ուժեր' փեշմերգա, ինչպես նաև Սադդամ Հուսենի տապալումից հետո ձևավորել են քաղաքական ինստիտուտներ' խորհրդարան, կառավարություն, պետական այլ ատրիբուտներ։

 

Սեպտեմբերին նախատեսված Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն տարածաշրջանում ձեռնտու է Իսրայելին, որն, ի դեմս Իրաքյան Քրդստանի, կունենա այն ազդեցության լծակը, որով հնարավոր կլինի ապակայունացնել Թուրքիան' քրդաբնակ հարավ-արևելքը, ինչպես նաև, ինչն ամենակարևորն է, Իրանը. քրդաբնակ շրջաններում Թեհրանի համար նոր խնդիրներ առաջացնելը տեղավորվում է շիայական ռեժիմը թուլացնելու Իսրայելի և, ինչու ոչ, Ծոցի միապետությունների ռազմավարության մեջ։

 

Իրաքի դե ֆակտո կազմաքանդումը կարող է դե յուրե տեսք ստանալ, ինչն էլ իր հետևից կարող է բերել շիաբնակ հարավ, հարավարևելյան շրջաններում Շիիստանի ձևավորման և Իրանին միանալու ձգտումների, իսկ արաբական ազգայնականությունն ԻՊ-ի, Սուննիստանի կամ այլ տեսքով Մերձավոր Արևելքի սրտում կարող է նոր սահմաններով քվազի-պետություններ ձևավորել։

 

Արտյոմ Բալասանով