Տարածաշրջանում ռուսական ցարիզմի գաղութային քաղաքականության ամենակարևոր գործիքներից մեկը դա տարածաշրջանի ժողովուրդների միջև թշնամանք բորբոքելն և դրա հիման վրա «բաժանիր, որ տիրես» սկզբունքին համապատասխան իշխելն էր տարածաշրջանում: Այդ միջոցը կիրառվեց 20-րդ դարասկզբին, երբ 1905թ. ցարական իշխանությունների հրահրմամբ սկսվեցին բախումներ թաթարների և հայերի միջև: Պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյան) իր աշխատություններից մեկում գրում է. «Ցարիզմն իր զորքերը չէր ուղարկում հայերի դեմ, այլ բարձրացնում էր թուրք անգիտակից ժողովրդին, դրդում էր հարձակվել հայերի վրա, կոտորել նրանց, թալանել նրանց գույքը։ Այս դրդումը միանգամայն վկայված է շատ թուրքերի բերանով։
Հաստատված է նույնպես, որ ինքը' կառավարությունն էր զենք բաժանում թուրքերին։ 1905-ի փետրվարին սկսվեցին, այսպես անվանված, հայ-թուրքական ընդհարումները։ Բայց ավելի ճիշտ կլիներ անվանել հայ-թուրքական պատերազմը. մի պատերազմ, որ տարի ու կեսից ավելի տեւեց եւ արյունով ու ավերակներով լցրեց Արեւելյան Անդրկովկասի այն բոլոր տեղերը, ուր հայ ու թուրք միասին էին ապրում։ Հանկարծ, միանգամայն անսպասելիորեն առաջ եկավ ու անշարժորեն հաստատվեց այդ դրությունը: Թուրքերը հարձակվում էին, սպանում, իսկ հայերը կա՛մ պաշտպանվում էին, կա՛մ' իրենք էլ հարձակվում, սպանում ու կրակում. իսկ «խեղճ» ցարական կառավարությունը հայտարարում էր իրեն միանգամայն թույլ, միանգամայն անկարող այդ անկարգությունները զսպելու, այդ փոխադարձ կատաղի թշնամությունը կանգնեցնելու համար։ Առաջին իսկ օրերից Բաքվի նահանգապետ Նակաշիձեն այս շատ զարմանալի «ճշմարտության» մունետիկը դարձավ։
Շրջելով Բաքվի' պատերազմական դաշտ դարձած փողոցներում' նա տեսնում էր դիակներ, այրվող տներ, թալանված գույքերի կույտեր եւ բարեհոգ ժպիտով հայտարարում էր, թե զորք չունի, զորություն չունի, թող կռվողներն իրենք իրար հետ հաշտվեն: Բայց մարդիկ տեսնում էին, որ ցարական կառավարությունը զորքեր ունի, այն էլ' բավականաչափ, միայն թե այդ զորքերին հրամայված էր անտարբեր հանդիսատեսի դիրք բռնել, ոչ մի միջամտություն չանել։ Իզուր էին դիմում, խնդրում, որ զենք գործադրվի, որ երկու կողմերից էլ հանցավորներ բռնվեն եւ կախաղան հանվեն։ Միշտ միեւնույն պատասխանը Նակաշիձեի կողմից' կառավարությունը թույլ է, ոչինչ չի կարող անել։ Եվ հրացանով զինված ռուս զինվորների առջեւ մորթվում էին խաղաղ ու անզեն քաղաքացիները, իսկ նա միայն նայում էր։»