Զարմանալի բաներ են կատարվում ԱԺ-ում։ Դեռ զոռով է սկսվել նստաշրջանը, բայց արդեն ակնհայտ ուժերի դիզբալանս կա ԱԺ-ում, ոչ միայն թվաքականով, այլև, ինչքան էլ որ այս պահին տարօրինակ է, որակական առումով։ Երեկ մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ, երբ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձում էր համոզել ՀՀԿ-ից Արման Սաղաթելյանին նրանում, որ մեկ հաճախականությամբ սփռում երկրում հնարավոր չէ։ Խոսքը հանրային ռադիոյի մասին է, որը, ըստ Փաշինյանի, պետք է հասանելի լինի ամբողջ երկրում։ Սա պարզ իրողություն է, որի մասին թեման շատ թե քիչ իմացող մարդը կարող է իմանալ։

 

Ընդ որում՝ Փաշինյանն արդեն բավականին փորձառու պատգամավոր է ԱԺ-ում, Սաղաթելյանը ՀՀԿ երկրորդ էշելոնի ներկայացուցիչ է ու նոր է հարմարվում ԱԺ-ին։ Ահա այսպիսի իրողություն։ Շատ ցավալի է, բայց փաստ։ Ընդ որում՝ միայն սարսափել կարելի է, թե ինչ է մեզ սպասվում մոտակա հինգ տարիների ընթացքում։ Սա նման է ֆուտբոլային հանդիպման, որտեղ խաղում են, օրինակ, Փյունիկն ու Բարսելոնան. տեսականորեն, իհարկե, դա հնարավոր է, բայց պրակտիկ միայն վատ երազում կարելի է պատկերացնել, թե ինչ կանի Բարսան Փյունիկի հետ։ Նույնն է այստեղ։

 

Ընդ որում' նորից ենք կրկնում. հետաքրքրականը այստեղ ՀՀԿ ինտելեկտուալ ցենզի կտրուկ բարձրացումն է՝ ընդդիմության համանուն հատկանիշի նվազման ֆոնին։ Ավելի ճիշտ՝ ոչ թե նվազման, այլ պարզապես հակառակորդի ուժեղացման հաշվին։ Իսկ ինտելեկտն ընդդիմության միակ զենքն է եղել մինչ հիմա։ Ինչպես ասում են, մի կտոր հաց ունեին, դրանից էլ են կտրում ՀՀԿ-անները։ Իսկապես խիղճ չունի էս իշխանությունը: