1918 թվականի մայիսի 28-ի անկախության հռչակումից անմիջապես հետո, նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնային խնդիրներից դարձավ սեփական ազգային արժույթն ունենալու և երկրում դրամական կանոնավոր շրջանառություն հաստատելու հարցը: Մինչ անկախության հռչակումը, կարճ ժամանակահատվածում, Հայաստանի տարածքում շրջանառության մեջ էին դրված Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշները՝ բոները, որոնց վրա առկա էին նաև հայերեն մակագրություններ:

 

Սկզբից էլ պարզ էր, որ ազգային արժույթի ստեղծման և տպագրման գործընթացը դյուրին չի լինելու և դա ֆինանսական ներդրումների և որոշակի ժամանակ պահանջող խնդիր է: Եվ ահա, որպես անցումային փուլ, Հայաստանում անկախության առաջին ամիսներին սկսեցին օգտագործել Պետական բանկի Երևանի բաժանմունքի ժամանակավոր չեկերը, որոնք տպագրվում էին Երևանում՝ ներքին գործերի նախարարության տպարանում: Դրան զուգահեռ կառավարությանը կից ստեղծվում է աշխատանքային խումբ՝ նոր թղթադրամների էսքիզներն ու տպագրությունը նախապատրաստելու նպատակով: Այդ խմբի կազմում էին նկարիչներ Արշակ Ֆեթվաճյանը և Հակոբ Կոջոյանը, ֆինանսիստ Գրիգոր Ջաղեթյանը (հետագայում՝ ՀՀ ֆինանսների նախարար) և ինժեներ Գրիգոր Աղաբաբյանը: Հայկական թղթադրամների ընդհանուր գեղարվեստական գաղափարի և ձևանմուշների պատրաստման հեղինակը հանդիսացավ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը: Եվ դա պատահական չէր՝ այդ ժամանակ նա արդեն ճանաչված նկարիչ էր հայ իրականության մեջ:

 

Արշակ Ֆեթվաճյանն ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը, 1887-91 թթ. սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում և մասնակցել Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին: 1891-95 թթ. նա ստեղծագործում է Վիեննայում, ապա' Սանկտ Պետերբուրգում, դառնում է Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամը: Ֆեթվաճյանը 20-րդ դարասկզբին շրջագայել է Հայաստանում, Նիկողայոս Մառի արշավախմբի կազմում մասնակցել Անիի պեղումներին: Նա նկարել է բազմաթիվ հայկական ճարտարապետական հուշարձաններ, ստեղծել հարյուրավոր գործեր՝ հիմնականում մատիտով և ջրաներկով: Ֆեթվաճյանը նաև փայլուն դիմանկարների հեղինակ է հանդիսանում, նկարել է հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով, ընդօրինակումներ է կատարել հայկական մանրանկարներից: 1903 թվականին Վիեննայում հրատարակվեց Ֆեթվաճյանի գունավոր բացիկների շարքը՝ որոնցում պատկերված էին Անիի տեսարաններով նրա բարձրարվեստ նկարչական աշխատանքները:

 

1919-ի հուլիսին հայկական թղթադրամների ընդհանուր պատկերներն արդեն վերջնական տեսքի էին բերված և հաստատված: Այդ ընթացքում թղթադրամները Եվրոպայում տպագրելու համար Կառավարությունը համագործակցության առաջարկ ստացավ «Միրզոյանց» առևտրական տան ներկայացուցիչ Վահան Միրզոյանցի կողմից, ում հայրը, գործարար Սիմեոն Միրզոյանցը, այդ պահին գտնվում էր Փարիզում: Ներկայացնենք մի ուշագրավ արխիվային փաստաթուղթ՝ քաղվածք Հայաստանի Հանրապետության կառավարության 1919 թվականի հուլիսի 30-ի նիստի արձանագրությունից (նիստը վարում էր վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը). «Լսեցին. Ֆինանսների մինիստրի (Գրիգոր Ջաղեթյան) առաջարկությունը արտասահմանում հայկական դրամանիշներ տպագրելու համար ուղարկել Ֆրանսիա ինժեներ Գրիգոր Աղաբաբյանին և նկարիչ Արշակ Ֆեթվաճյանին, հատկացնելով յուրաքանչյուրին 50 ֆրանկ օրապահիկ, ճանապարհածախս՝ ըստ իրական ծախսերի և ամսական 3000 ռուբլի ռոճիկ:

 

Որոշեցին. Հանձնարարել ֆինանսների մինիստրին այդ նպատակի համար հատկացնել յուր տրամադրության տակ եղած 10.000 դանիական կրոնները, իսկ տպագրության ծախսը կատարելու համար առևտրական տուն «Միրզոյանցի» հետ մտնել բանակցությունների մեջ, այն պայմանով, որ անելիք ծախսերը հետագայում վճարվի առևտրական տուն «Միրզոյանցին» հայկական բոնաներով կամ ապրանքներով՝ համաձայն Միրզոյանցի գրավոր առաջարկության»: («1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ», Հայաստանի ազգային արխիվ, Երևան, 2014, էջ 271):

 

Այդպես Արշակ Ֆեթվաճյանը հայկական թղթադրամների, ինչպես նաև փոստային նամականիշների տպագրությունը Եվրոպայում կազմակերպելու նպատակով Հայաստանից մեկնեց երկարատև գործուղման: Այդ ժամանակ նա չէր էլ կարող պատկերացնել, որ 1920 թվականի վերջին տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխության հետևանքով նա այլևս հնարավորություն չի ունենալու վերադառնալ հայրենիք: Փաստ է, որ Ֆեթվաճյանն այդ իր պատասխանատու առաքելությունը կարողացավ բարեխղճորեն և հաջողությամբ հասցնել իր ավարտին: Մեծ դժվարություններով թղթադրամները վերջապես 1920 թվականի սկզբին սկսեցին տպագրվել Անգլիայում, լոնդոնյան հանրահայտ «Վաթերլո և որդիներ» ("Waterlow & Sons Ltd") ընկերության տպագրատանը: Իսկ ահա հայկական փոստային նամականիշները, որոնք արված էին թղթադրամների էսքիզների հիման վրա, Ֆեթվաճյանը տպագրել տվեց արդեն Փարիզի «Chassepot» ընկերության տպագրատանը:

 

Հայաստանի առաջին Հանրապետության պաշտոնական թղթադրամները թվագրված են 1919 թվականով և թողարկված են 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Նրանց վրա դրոշմված են այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ: Մասնագետների կարծիքով, այդ թղթադրամների թողարկումը զգալի կերպով տարբերվում է 1918-1924 թթ. Անդրկովկասի տարածաշրջանում իրականացված այլ թղթադրամների թողարկումներից՝ առաջին հերթին գծանկարների նրբագեղությամբ և տպագրության բարձր որակով:

 

Հայկական թղթադրամների ձևավորման մեջ օգտագործված են ազգային պատկերներ և նախշեր: Բացառիկ է համարվում 250 ռուբլիանոց թղթադրամի վրա պատկերված ճախարակով թել մանող հայ կնոջ դիմանկարը, որը հետագայում բոլորի կողմից ընկալվեց և ընդունվեց որպես արդեն առանձին խորհրդանշական կերպար: 100 ռուբլիանոց թղթադրամի վրա նույնպես արդեն հանրահայտ դարձած սուրը ձեռքին օձին տապալող արծիվի պատկերն է, դրոշմված են նաև Արարատ լեռան և Արարատյան դաշտավայրի պատկերները և Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու զարդաքանդակներից մեկի գծանկարը: Թողարկված թղթադրամները հասան Հայաստան և շրջանառության մեջ դրվեցին 1920 թվականի ամռանը, և դա այն ժամանակ մեծ քաղաքական իրադարձություն համարվեց երկրում:

 

Չնայած այն հանգամանքին, որ այդ թղթադրամների գործածությունը քաղաքական հայտնի պատճառներով շատ կարճ տևեց, բայց Առաջին հանրապետության թղթադրամները պատմության մեջ մտան որպես հայկական անկախ և ինքնիշխան պետության կողմից թողարկված առաջին դրամանիշներ՝ 14-րդ դարում Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո: Արշակ Ֆեթվաճյանն իր կյանքի վերջին 25 տարիներն ապրեց ԱՄՆ-ում, Մասսաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում, երազելով միայն հայրենիք վերադառնալու մասին: Ֆեթվաճյանը վախճանվեց 1947 թվականին, և իր կտակի համաձայն' նրա բոլոր գեղարվեստական աշխատանքները տեղափոխվեցին Հայաստան և հանգրվանեցին Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

Ռուբեն Շուխյան