Սիզիփոսի մասին հավանաբար շատերդ գիտեք՝ հին հունական առասպելաբանությունից, նա եղել է Կորնթոս քաղաքի հիմնադիրն ու թագավորը:
Եղել է խարդախ և շահախնդիր, ուստի և մահից հետո աստվածների կողմից պատժվել է իր հանցանքների համար: Աստվածները նրան դատապարտել են հավերժորեն սարն ի վեր գլորել ծանր մի ժայռ, որը հազիվ գագաթին հասած դարձյալ գլորվում էր ցած և նա ստիպված էր ամբողջ աշխատանքն սկսել սկզբից: Այստեղից էլ առաջացել է «Սիզիփոսյան աշխատանք» արտահայտությունը՝ անօգուտ աշխատանքի իմաստով:
Այս արտահայտությունը հաճախ եմ հիշում՝ տեսնելով մեր որոշ պաշտոնյաների, նախարարությունների, մարզպետարանների աշխատանքը: Հատկապես ասֆալտապատման, կներեք՝ ասֆալտակարկատման աշխատանքները տեսնելիս:
Տարբերությունն այն է, որ այն «Սիզիփոսյան աշխատանքի» նման անօգուտ չէ, նրանք ամեն ինչ անում են այդ «անօգուտ» աշխատանքից հնարավորինս շահ և օգուտներ ունենան:
Ոչ պրոֆեսիոնալ ասֆալտ կարկատողները, նրանց հսկող մարմինները, պաշտոնյաները, մարզպետարանները, տրանսպորտի նախարարությունը ամեն ինչ անում են անորակ ու խոտան աշխատանք կատարելու համար: Բայց ի տարբերություն դրա՝ մտածում են իրենց շահի, օգուտի, դրամական փոխհատուցման մասին:
Տենդեր է հայտարարվում՝ շահում է մարզպետի կամ նախարարության փուչիկ, փինաչիներով լցված ձեռնարկությունը: Ասֆալտ է պետք, կվերցնեն իրենց ծանոթից, թեկուզ անորակ, սակայն փոխհատուցումով: Հսկել, ստուգե՞լ է պետք՝ այդ պաշտոնյաների բերանն էլ կփակեն: Որպեսզի չտեսնեն աչքակապությունը, չնկատեն, որ երեք փոս լցված է, իսկ կողքի երկուսը՝ ոչ: Չնկատեն, որ Հաղարծին գյուղի մոտ նոր փռված ասֆալտն է քանդվում և արդեն այդ նոր շերտն էլ են կարկատում:
Մի խոսքով ունենք կարկատած աշխատանքներ, սակայն շքեղ տներում ապրող, թանկարժեք ավտոմեքենաներով շրջող, բրենդային հագուստներ հագնող պաշտոնյաներ…
Նրանք՝ այդ պաշտոնյաները, կարկատված չեն, նրանք մեզ են կարկատում, մեր կյանքը դարձնում անտանելի ու անօգտակար, մեր կյանքը դարձնում «Սիզիփոսյան աշխատանք»…
Հուսանք, որ մյուս կյանքում իրենք կարժանանան Սիզիփոսի ճակատագրին՝ կպատժվեն իրենց արարքների համար…Կամ գուցե՞ հիմա կառավարության պատասխանատուները կխորանան այդ գործընթացները կանոնակարգելու, այդ պաշտոնյաների հաշվին ճանապարհները ասֆալտապատելու գործին, քանի որ այլևս այսպես շարունակել չի կարելի:
Գուցե՞ բարկանալ է պետք և պատժել…