Մեր երկիրը վերածվել է մի հանրույթի, որտեղ իշխանության մասին յուրաքանչյուր դրական խոսք ընկալվում է որպես դավաճանություն ու ծախվածություն, իսկ իշխանության սխալները մատնացույց անելը՝ չկամություն:

 


Իրականում, իմ կարծիքով, մեր պետության մեջ առավել շատ խնդիրներ կան հենց հասարակական դաշտում: Սկսած ամենաստորին, հասարակ խավերից: Գրեթե բացակայում է կարգապահությունը, մարդիկ դա համարում են իրենց արժանապատվությունից ցածր: Ավելին, հաճախ մարդիկ օրինազանցությամբ կամ անկարգապահությամբ յուրովի վրեժ են լուծում իշխանության վատ կառավարման համար՝ չգիտակցելով, որ քանի դեռ մեր երկրում կարգապահությունը բացակայում է, չի կարող լինել զարգացում որևէ մակարդակում:

 


Դուրս գանք փողոց, այդտեղ էլ հո իշխանությունը ամեն վայրկյան կանգնած չէ՞: Ինչո՞ւ է հասարակ երթևեկությունը ամեն հնարավոր առիթով վերածվում քաոսի, ինչո՞ւ են մարդիկ հնարավորինս փորձում միմյանց մկաններ ցույց տալ: Շատ դեպքերում արդարացումը այն է, թե իշխանությունն է մեղավոր. չկա արդարություն իշխանության կողմից, հասարակ քաղաքացին էլ իր արդարությունն է հաստատում: Անկարգապահությամբ, սակայն, ոչ իշխանությանն է հնարավոր դարձի բերել, ոչ դառնալ պետության քաղաքացի, ոչ էլ ընդհանրապես՝ պետականություն կայացնել:

 

Նաիրի Հոխիկյան