Ուզբեքստանն ու Թուրքիան ստորագրել են ավելի քան 2 միլիարդ դոլարի համատեղ ծրագրերի իրականացման համաձայնագրեր։
Երկու երկրները զարգացնելու են կապերը տեքստիլ արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում։


2016թ.–ին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 1.2 միլիարդ դոլար։ Այդ պահին Ուզբեքստանում գործում է թուրքական կապիտալով 441 ընկերություն։ Թուրքական ներդրումներն այդ երկրում կազմել են մեկ միլիարդ դոլար։
Թուրքիան իր պանթուրքիստական, պանթուրանական ռազմավարությունից ելնելով շարունակում է ամրապնդել իր տնտեսական, քաղաքական դիրքերը Կենտրոնական Ասիայում'հենվելով թյուրքական տարրի վրա'էթնիկ–մշակութային, լեզվական, կրոնական միասնականության վրա։


ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Անկարան տնտեսական, քաղաքակրթական էքսպանսիա է իրականացնում այդ տարածաշրջանում'աստիճանաբար դուրս մղելով այդտեղից ռուսական գործոնն ու ռուսական ազդեցությանն իրական այլընտրանք ստեղծում'ոչ անվտանգային իմաստով'Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ ՀԱՊԿ–ի անդամ են ու այնտեղ տեղակայված են ռուսական զորքերը։


Թուրքիան իր ազդեցությունն Կենտրոնական Ասիայում ուժեղացնելու է Ադրբեջանի տարանցիկ, լոգիստիկ հնարավորությունների շնորհիվ'Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի, Տրանսկասպյան էներգետիկ–տրանսպորտային միջանքքի, Մետաքսի ճանապարհի նախագծերի շնորհիվ։


Իր հերթին, 30 միլիոնից ավել բնակչություն ունեցող Ուզբեքստանը դուրս է գալու թուրքական 80 միլիոնանոց շուկա և Սևծովյան ավազան Ադրբեջանի տարածքով'օգտագործելով Ադրբեջանի կասպյան նոր Ալյաթի նավահանգիստը, Ղազախստանի ու Թուրքմենստանի նավահանգիստներով դուրս գալու լաստանավերով Բաքու'այդտեղից Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծով Թուրքիա։


Ուզբեքստանն այդ կերպ բալանսավորելու է իր հարաբերություններն ու կախվածությունը հզոր հարևաններ ՌԴ–ից ու Չինաստանից, ինչպես նաև օգտագործելու ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի ռազմա–տեխնիկական ներուժն իր զինված ուժերն արդիականացնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում համատեղ արտաքին քաղաքականությամբ հանդես գալու մտադրությամբ։


Անվտանգային առումով Ուզբեքստանի համար կարևոր է, որ Անկարան աջակցություն չցուցաբերի Ուզբեքստանի իսլամական շարժմանը, որն այդ երկրում ահաբեկչական կազմակերպություն է համարվում, ինչպես նաև լոգիստիկա չտրամադրի այն էթնիկ ուզբեքներին, որոնց մի մասը կռվում է Սիրիայում ԻՊ–ի ,Ան–Նուսրայի և բազմաթիվ անուններով հանդես եկող իսլամիստական կազմակերպությունների շարքերում։ Նրանք կարող են ցանկանած պահի վերադառնալ ու ապակայունացնել Ուզբեքստանը։

 

Արտյոմ Բալասանով