Օրեր առաջ աշխատանքային այցով Քաթարում էի, որը համարվում է աշխարհի նորագույն հրաշքներից մեկը: Համարվում է:
Մոտավորապես 12.000 քկմ տարածք զբաղեցնող արաբական այդ պետությունը Հայաստանից փոքր է ավելի քան 3 անգամ, տարածքով զիջում է նաև Արցախի Հանրապետությանը, սակայն իր ունեցած ռեսուրսներով և փողի քանակությամբ կարողանում է իր ձեռքում պահել համաշխարհային բազմաթիվ լծակներ:
Քաթարի մայրաքաղաքում անցկացրած երկու օրերի ընթացքում հնարավոր եղավ քիչ թե շատ ծանոթանալ այդ երկրի կառավարման ներքին խոհանոցին և հանրության կենսակերպին: Անկեղծ ասեմ՝ շքեղության ու անսահման հարստության տարածք է, որտեղ փողը չափից շատ է: Պատկերացրեք, միայն 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար յուրաքանչյուր շաբաթ այնտեղ ծախսում են կես միլիոն դոլար՝ ճիշտ այնքան, ինչքան ՀՀ-ի հետ Քաթարի ունեցած տարեկան ապրանքաշրջանառությունն է:
Իրականում ես չեմ էլ պատկերացնում, թե մի բռունցքի չափ այդ երկրի հետ ինչ ապրանքաշրջանառություն կարելի է ունենալ: Այն, ինչ արտահանում է Քաթարը, մեզ անհրաժեշտ չի՝ նավթ, գազ, ուղտ: Մնացած ամեն ինչ Քաթարը ներկրում է: Սա արդեն այլ հարց է, եթե հաշվի առնենք, թե Հայաստանն ինչ է արտահանում:
Բայց քանի որ խոսում եմ Քաթարի մասին, շարունակեմ՝ նշելով, որ արաբական այդ երկիրը կառավարման փակ համակարգ է՝ միապետական սկզբունքներով: Բնականաբար, խոսք լինել չի կարող մարդու իրավունքների, կանանց ազատությունների մասին: Թեև փողն անսահման է, բայց մարդիկ այնտեղ չգիտեն, թե ինչպես են դա ծախսում, այսինքն՝ հանուն ինչի, եթե չկան արժանապատիվ կյանքի տարրական պայմաններ:
Այն, ինչ մենք տեսնում ենք նկարներում կամ գովազդային հոլովակներում, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Արհեստական անապատային մի տարածք, որը աճում ու օրեցօր շքեղանում է միայն նավթի շնորհիվ: Զուտ նավթի վաճառքից տարեկան Քաթար է մտնում 55 մլրդ դոլար, ինչը, բնականաբար, պետք է այդ փոքր երկիրը դարձնի գերհարուստ, սակայն այդ փողի քանի՞ տոկոսն է հասնում հասարակ քաղաքացուն: Պարզվում է՝ չնչին մասը, գրոշներ: Թեև վարորդը այնտեղ կարող է ստանալ մոտ 8000 դոլար աշխատավարձ, բայց ապրանքների գներն այնքան բարձր են, որ այդ 8000 դոլարը հավասարվում է հայաստանյան 80000 դրամին: Նույն ապրանքը ես Հայաստանում գնել եմ 3000 դրամով (6$), Դոհայում արժեր 34$ (16.000 դրամ):
Հայաստանում շատերը ծանոթ կլինեն Դուբայի կլիմայական պայմաններին ու շոգին: Քաթարի շոգը բազմակի անգամ գերազանցում է Դուբային: Երկու օրվա ընթացքում ես գրեթե չտեսա ծովափին հանգստացող մարդկանց, քանի որ շոգը օրվա բոլոր ժամերին, այդ թվում՝ վաղ առավոտյան հեղձուցիչ է: Չկա բավականաչափ կանաչ տարածություն, ամեն քայլափոխի բետոնե կառույցներ են, իսկ երբ դուրս ես գալիս արհեստական այդ քաղաքներից, բացվում է անապատ՝ առանց կյանքի:
Կառավարման համակարգի մասին շատերը կիմանան: Էմիրը միապետ է, որը ընտանիքի անդամների հետ որոշում է ամեն ինչ: Բայց եթե անկեղծ, այդ երկրում ոչ ոք էլ ոչինչ չի որոշում, նրանց փոխարեն ամեն ինչ վաղուց որոշված է, և այդ կիսագրագետ, կիսաարաբ մարդիկ ապրում են բնազդներով:
Հ.Գ. Բոլոր նրանց համար, ովքեր ամեն առիթով երազում են Հայաստանը լքելու մասին. Հայաստանն էլ ունի կառավարման խնդիրներ, մեր պետությունում էլ դժվարություններ կան հատկապես տնտեսության, արդարադատության առումով, բայց մեր երկրում ամեն ինչ բնական է, մերն է: Այստեղ մենք ենք ապրում, մեր արմատներն են, մեր երեխաների ապագան է, ոչ թե անհասկանալի ինչ-որ փողի կույտ: Յուրաքանչյուր արտասահմանյան այցից հետո ամրանում է համոզմունքս, որ Հայաստանը լավագույն երկիրն է մոլորակում: