1940 թվականի մայիսի 24-ին է ծնվել ծագումով հրեա, ռուս մեծ բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին: Ներկայացնում ենք նրա 6 պատգամները, որոնք կստիպեն ձեզ մտածել:

 

Ստորև ներկայացվող նյութը արտատպվել է Newmag.am կայքից:

 

Սա մի հատված է Իոսիվ Բրոդսկու ճառից, որը նա կարդացել է 1988թ.՝ Միչիգանի համալսարանի շրջանավարտների համար: Այդ ժամանակ քննադատները և այլ խելացի մարդիկ, այդ ճառը «անտեղի» համարեցին, «քաղաքականապես ոչ կորեկտ», իսկ ոմանք դրա մեջ տեսան նաև ռասիզմի տարրեր: Սակայն Բրոդսկին նախապաշարված չէր ժամանակով և տարածությամբ:

 

1. Կենտրոնացեք ձեր լեզվի ճշգրտության վրա

Աշխատեք ընդլայնել ձեր բառապաշարը և դրա հետ վարվեք այնպես, ինչպես ձեր վարկային հաշվի հետ եք վարվում: Շատ ուշադրություն հատկացրեք և աշխատեք մեծացնել ձեր շահաբաժինը: Այստեղ նպատակը ննջասենյակում ձեր ճարտասանությունը զարգացնելու կամ մասնագիտական հաջողություն ապահովելու, կամ ձեզ ժամանակակից  գիտուն դարձնելը չի: Նպատակն է՝ տալ ձեզ հնարավորություն ինքներդ ձեզ ավելի ճշգրիտ և ամբողջական արտահայտելու համար: Այլ կերպ ասած նպատակը ձեր հավասարակշռությունն է, քանի որ չասվածի ու չարտահայտածի կուտակումը կարող է հասցնել նևրոզի: Դրանից խուսափելու համար պետք չի որ դառնաք  «գիրք կրծող»: Անհրաժեշտ է պարզապես բառարան գնել և այն կարդալ ամեն օր, իսկ երբեմն կարդալ նաև բանաստեղծությունների գրքեր: Եվ ընդհանրապես՝ գրքերն ավելի էժան են քան հոգեբանի մեկ այցելությունը:

2. Աշխատեք բարի լինել ձեր ծնողների նկատմամբ

Եթե դա հնչում է նույն կերպ, ինչպես՝ «Մեծարիր քո հորը և քո մորը», ապա ներեղություն եմ խնդրում: Ես ընդամենը ուզում եմ ասել. աշխատեք չելնել ձեր ծնողների դեմ, քանի որ, ամենայն հավանականությամբ, իրենք ձեզնից շուտ են մահանալու, այնպես որ դուք կարող եք ազատել ձեզ գոնե մեղքի զգացումից, եթե ոչ վշտից: Եթե ձեզ պետք է պայքարել այդ բոլոր «ես-չեմ-վերցնի-ձեզնից-ոչ-մի-գրոշ»-երով, պայքարեք նրանց դեմ, ովքեր այդքան էլ խոցելի չեն: Ծնողները՝ շատ մոտ թիրախ են (այդ թվում նաև եղբայրները, քույրերը, ամուսինները): Հեռավորությունը այնպիսին է, որ դուք չեք կարող վրիպել:

3. Հույսներդ մի դրեք քաղաքական գործիչների վրա

Ոչ այնքան այն պատճառով, որ նրանք  խելացի չեն կամ ազնիվ չեն, ինչը հաճախ հենց էդպես է, այլ իրենց աշխատանքի ծավալների պատճառով՝ ինչը չափազանց մեծ է անգամ նրանցից լավագույնների համար: Նրանք կարող են մեղմել սոցիալական չարիքը, բայց ոչ արմատախիլ անել այն: Որքան էլ որ զգալի լինի լավացումը, էթիկապես այն չափազանց քիչ կլինի, քանի որ միշտ էլ կլինեն նրանք՝ թեկուզև մեկ մարդ, ով այդ լավացումից օգուտ չի ստանա:

Աշխարհն անկատար է: Ոսկե դար երբեք չի եղել ու չի լինի: Այս աշխարհում դուք պետք է հույսներդ դնեք ձեր սեփական տան օջախի վրա, այսինքն աշխարհը ղեկավարեք ինքնուրույն: Բայց նույնիսկ ձեր սեփական կարկանդակի սահմաններում, դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ դուք ստիպված կլինեք հավասարապես ճաշակել թե՛ շնորհակալություն և թե՛ հիասթափություն:

4. Աշխատեք համեստ լինել

Այս պահին էլ մենք չափազանց շատ ենք, և շատ շուտով էլ ավելի ենք շատանալու: Արևի տակ սեփական տեղն ունենալու համար պայքարը միշտ էլ ուրիշների հաշվին է կատարվում: Այն, որ դուք տրորում եք ինչ-որ մեկի ոտքը, դեռ չի նշանակում, որ պետք է կանգնեք նրա ուսերին: Այնպես որ, եթե դուք ուզում եք դառնալ հարուստ կամ հայտնի, կամ էլ թե և՛ մեկը, և՛ մյուսը, Աստված ձեր հետ, բայց մի տրվեք դրան ամբողջությամբ:

Միշտ հիշեք, որ ձեր կողքին կա ինչ-որ մեկը՝ հարազատ մեկը: Ոչ ոք չի խնդրում սիրել նրան, բայց աշխատեք չանհանգստացնել, չցավեցնել նրան: Ծայրահեղ դեպքում աշխատեք հիշել, թե որքան հեռվից՝ աստղերից, հնարավոր է Տիեզերքի խորքերից,  կամ դրա հակառակ բևեռից է եկել խնդրանքը՝ չանել դա, ճիշտ այնպես ինչպես և «մերձավորիդ՝ ինչպես ինքդ քեզ սիրելու» գաղափարը: Ինչպես երևում է աստղերն ավելի շատ բան գիտեն ծանրության ուժի, ինչպես նաև մենակության մասին՝ քան դուք, քանի որ նրանք կյանքի աչքերն են:

5. Ամեն կերպ խուսափեք ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց

Որքան էլ զզվելի լինի ձեր վիճակը, աշխատեք դրանում չմեղադրել արտաքին ուժերին. պատմություն, պետություն, ղեկավարություն, ազգություն, ծնողներ, լուսնի փուլ, մանկություն, անժամանակ գարշոկին սովորեցնել, այս ամբողջ ցանկը ծավալուն է ու ձանձրալի: Այն պահին, երբ դուք մեղքը գցում եք ինչ-որ բանի վրա, դուք կոտրում եք որևէ բան փոխելու ձեր պատրաստակամությունը և մեծացնում անպատասխանատվության վակումը, որը այդքան սիրում են լցնել չարքերն ու դեմագոգները, քանի որ կաթվածահար եղած կամքը հրեշտակների համար ուրախություն չէ:

Ընդհանրապես աշխատեք հարգել կյանքը ոչ միայն իր գեղեցկության համար, այլև նրա դժվարությունների: Դրանք խաղի մի մասն են և լավն այն է, որ դրանք խաբկանք չեն: Ամեն անգամ երբ դուք հուսահատված եք կամ հուսահատության եզրին եք, երբ անախորժություններ կամ դժվարություններ ունեք, հիշեք. դա կյանքն է ձեր հետ խոսում` միակ իրեն շատ լավ հայտնի լեզվով:

6. Կարողացեք ներել

Աշխարհը, որտեղ մենք ոտք ենք դրել, լավ համբավ չունի: Այն այնքան էլ հաճելի վայր չէ, ինչպես ինքներդ շուտով կհայտնաբերեք, և ես կասկածում եմ, որ ավելի հաճելին կդառնա այն պահին, երբ դուք այն լքեք:

Սակայն սա միակ հասանելի աշխարհն է. այլընտրանք չկա, իսկ եթե անգամ լիներ էլ, չկա երաշխիք որ այս աշխարհից շատ ավելի լավն էր լինելու: Այդ իսկ պատճառով էլ աշխատեք ուշադրություն չդարձնել նրանց վրա, ովքեր կփորձեն ձեր կյանքը դժբախտ դարձնել: Այդպիսնինները շատ կլինեն, ինչպես ի պաշտոնե այնպես էլ ինքնակոչեր:

Այն ինչ անում են ձեր թշնամիները իր նշանակությունն ու կարևորությունը ձեռք է բերում կախված նրանից, թե դուք ինչ արձագանք եք տալիս դրան: Ուստի անցեք դրանց միջով կամ կողքով այնպես, ասես դրանք դեղին ու տհաճ լույս լինեն: Այդպես դուք կազատեք ձեր ուղեղի բջիջներին անիմաստ գրգռվելուց: Եվ նույնիսկ հնարավոր է, որ կարողանաք փրկել այդ հիմարներին հենց իրենցից, քանի որ մոռացված լինելու հեռանկարն ավելի կարճ է ներված լինելու հեռանկարից: Փոխեք ալիքը. դուք չեք կարող դադարացնել այդ ալիքի հեռարձակումը, բայց կարող եք, գոնե կրճատել դրա վարկանիշը:

Հրապարակման ներկայացրեց՝ Սյուզաննա Ղուկասյանը