Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին հաղթել է ընտրություններում ու վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Իրանի ՆԳՆ-ն։


Իրանի նախագահի վերընտրությունը սպասված էր, սակայն իրանական հասարակության զգալի հատվածն էլ իր ձայնը տվել է Ռոհանիի հակառակորդ'պահպանողական թեկնածուին, ինչը խոսում է այն մասին, որ Իրանի ապագա նախագահն իր արտաքին քաղաքականությունում պետք է հանդես գա ավելի կոշտ դիրքերից'էկելտորատի մի մասը ցանկանում էր տեսնել ավելի աջ թեկնածուի, իսկ ներքին քաղաքականությունում հատկապես տնտեսական բաղադրիչը դառնալու է Ռոհանիի ուղենիշային, առանցքային թեման'սոցիալ–տնտեսական վիճակի բարելավումն ակնկալվում էր բոլոր իրանցիների կողմից։


Արտաքին քաղաքականությունում Ռոհանին հանդես է գալու ավելի կոշտ դիրքերից'հատկապես Մերձավոր Արևելքում, քանի որ Թրամփի վարչակազմի բազեները ստեղծում են հակաիրանական կոալիցիա, արաբական ՆԱՏՕ, ի դեմս Ծոցի երկրների, որը գլխավորելու է Սաուդյան Արաբիան։


Իսրայելի հետ նույնպես Վաշինգտոնն ավելի է սերտացնելու կապերը և այդ երկրի միջոցով փորձելու թուլացնել «շիական առանցքը»'Սիրիան, Լիբանանը, իսկ Իրաքում գործելու է Թուրքիայի ու Քաթարի, Սաուդյան Արաբիայի «ձեռքերով», որոնք աջակցելու են Իրաքում սունիական խմբավորումներին'ի հակակշիռ շիական, իրանամետ ուժերի ու Բաղդադի «շիական լոբբիի»։


Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասին , ապա Ռոհանին շարունակելու է հավասարակշռված քաղաքականությունը'Ադրբեջանի հետ զարգանալու են էներգետիկ–տրանսպորտային, տնտեսական նախագծերը, իսկ ՀՀ–ը դիտարկվելու է, որպես Իրանի բարեկամ, ռազմավարական դաշնակից'դա, սակայն պետք է ամրապնդվի տնտեսական, էներգետիկ մի շարք նախագծերի'Հյուսիս–Հարավ, Իրան–Հայաստան–Վրաստան էներգետիկ միջանցք, Սյունիք ազատ տնտեսական գոտու և այլ նախագծերով։


Ղարաբաղյան հարցում Թեհրանը շարունակելու է հավասարակշռված դիրքորոշումը'խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու և իր սահմանների երկայնքով պատերազմ թույլ չտալու տրամաբանության շրջանակներում։

 

Արտյոմ Բալասանով