Հակիրճ Իսրայելում քաղաքացիական պաշտպանության համակարգի մասին. Վաղ թե ուշ Հայաստանում նույնպես պետք է անցնենք քաղպաշտպանության արդյունավետ ու համակարգային մեխանիզմների մշակմանը.


1948թ. Իսրայել պետության հիմնադրմանը հաջորդած պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ Իսրայելը պետք է ոչ միայն ուժեղացնի պետության սահմանային անվտանգության պաշտպանությունը, բարձրացնի զինված ուժերի մարտունակությունը, այլև կազմակերպի Իսրայելի ողջ բնակչության պաշտպանությունը ներսում՝ թիկունքից:
Իսրայելի բոլոր քաղաքներում և շրջաններում բարձր մակարդակի վրա է դրված հասարակության քաղաքացիական պաշտպանությանն անհրաժեշտ ենթակառուցվածքների ցանցային համակարգը, զարգացած է ապաստարանների ցանցը: Ամենամյա քաղպաշտպանության զորավարժությունների ընթացքում կիրառվում են մի շարք կարևոր միջոցառումներ: Առանձնացնենք հրթիռակոծման սպառնալիքի վերաբերյալ երկրի սահմանամերձ շրջանների բնակչությանը «կարմիր լույս» կոչվող ազդանշանի ու ռադարային համակարգի միջոցով տեղեկացումը, որը հնարավորություն է տալիս բնակչությանն արագ ու կարճ ժամանակամիջոցում ինքնակազմակերպվել: Նման ռադարային-ազդանշանային շուրջ 3000 համակարգեր բաշխված են երկրի սահմանամերձ և ռիսկային գոտիներում գտնվող քաղաքներում ու բնակավայրերում:


Հակառակորդի ռազմական ագրեսիայի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հաղորդման օպերատիվության ապահովման հարցում արդյունավետ միջոց է բջջային ծրագրային հավելվածի հիման վրա կարճ հաղորդագրությունների թիրախային հասցեագրումը երկրի՝ հրթիռակոծման սպառնալիքի տակ գտնվող քաղաքների ու բնակավայրերի բնակիչներին, ինչը հնարավորություն է տալիս չխաթարել այն քաղաքների ու շրջանների բնակչության անդորրը, որոնք չեն գտնվում հրթիռակոծման անմիջական վտանգի գոտում.

 

Կարեն Վերանյան