Առաջ նյարդայնանում էի ֆեյսբուքյան նախընտրական ու հետընտրական աժիոտաժից։ Հիմա՝ էլ չէ, որովհետև հասկանում եմ, որ դա նույնքան օրինաչափ է, ինչքան ընտրակաշառք վերցնող քաղաքացին։ Ասեմ ավելին՝ որակական առումով էական տարբերություն չկա ընտրակաշառք վերցնող քաղաքացու ու ընտրակաշառք չվերցնող, բայց, բացի Ֆեյսբուքում «ստրուկներ», «ծախու շներ», «Ծռերին ենք ուզում» տիպի բաներ գրելուց, ոչինչ չանող քաղաքացիների միջև։ Նրանք միևնույն երևույթի երկու ծայրահեղ բևեռներն են։ Երևույթն էլ կոչվում է «չկայացած քաղաքացի»։
Ո՞ւմ են պետք ու քանի գրոշի արժեք ունեն այդ լալահառաչ քոմենթները, եթե ոչ մի գործնական քայլ դրանց չի հետևում։ Կաշառք վերցնողներին հայհոյելն ու հայհոյողներին լայքելը, իհարկե, հաճելի կարող է լինել, բայց դույզն-ինչ չի նպաստում ո՛չ կաշառակերության պրոֆիլակտիկային, ո՛չ քվեներին տեր կանգնելուն։
Եթե վերցնեմ միայն այն մարդկանց, որոնց ես եմ տեսել Ֆեյսբուքում այս չարաճճիություններն անելիս, ապա վստահորեն կարող եմ պնդել, որ նրանք հարյուրներով են։ Ու այստեղ ծագում է մի շատ տրամաբանական հարց. էհ, լավ, սիրելի՛ հարգելիներ, ավելի կիրառական օգնություն չէ՞ր լինի, եթե դուք, ասենք, կամավորագրվեիք նույն Փոստանջյանի կամ էլ Փաշինյանի շտաբում ու լինեիք սկզբունքային ու հետևողական վստահված անձ։ Գաղտնիք չէ, որ երկու ուժերում էլ վստահված անձանց, այն էլ՝ բանիմաց ու սկզբունքային վստահված անձանց սուր պակաս կար, իսկ որոշ տեղամասերում նրանք ընդհանրապես ներկայացված չէին։ Ինչո՞ւ մարդիկ չեն ուզում իրենց քաղաքացիական դիրքորոշումն ու պոտենցիալը ծառայեցնեն հանուն այն վեհ նպատակների, որոնց բացակայությունից նեղվում են ու մեղավորներ են փնտրում։
Կարծում եմ, որ խնդիրն այն է, որ թե՛ ընտրակաշառք վերցնողը, թե՛ ընտրակաշառք վերցնողին Ֆեյսբուքով հայհոյողը իրականում մոտիվացիոն նույն պատկերն ունեն իրենց հոգու խորքում՝ երկուսն էլ չեն հավատում, որ անձամբ իրենք ի զորու են ինչ-որ բան փոխելու։ Պարզապես մի դեպքում այդ անզորության ներքին զգացողությունը բերում է «Շնից մազ պոկելն էլ ա քյար» հայեցակարգին հանգելուն, իսկ մյուսում՝ մազպոկողներին աննպատակ ու անիմաստ հայհոյելուն ու բարի «ձյաձյաներին» հավերժ սպասելուն, ովքեր կգան ու «միանգամից կուղղեն ամեն ինչ» կամ էլ «կգյուլլեն սրանց»։ Ու զավեշտը նրանում է, որ առաջինները գոնե ինչ-որ նյութական դիվիդենտ ստանում են այնուամենայնիվ, մինչդեռ երկրորդները, բացի պոպուլիստական լոլոներից ու կայուն հիասթափությունից, ոչինչ չեն ստանում։
Ու քանի որ երևույթը եզակի չէ, այլ նույնիսկ համազգային, ապա երիցս մնում է հիշել հանճարեղ խոսքը՝ ամեն ժողովուրդ ունի հենց այն իշխանությունները, որին արժանի է։ Վատ քաղաքացիների գերակշռությամբ հասարակությունում չեն կարող լինել լավ իշխանություններ։
Կոնստանտին Տեր-Նակալյան