Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այ այսօր արդեն կարող եմ ասել ցտեսություն: Իրավական տեսանկյունից՝ հինգ օր անց այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր չեմ: Տեղափոխվում եմ երբևէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող «մտածող կենտրոնի» իմ ընկերների մոտ: Լավ է, որ մարդ միշտ վերդառնալու տեղ ունի: Հենց դա է շատ ժամանակ դուխ տալիս:

 

Պատգամավորական գործունեությունս տևել է 4 տարի 7 ամիս: Ունեցել եմ թե՛ հաջողություններ, թե՛ անհաջողություններ: Արել եմ, իմ կարծիքով, լավ բաներ, և հաստատ բաներ կան, որ լավ չեմ արել: Հասանելի եմ եղել միշտ: Ասել ու արել եմ բացառապես այն, ինչին հավատացել եմ: Փորձել եմ միշտ պահել մարդկային հարաբերությունները ու մարդ մնալ:
Հիմա արդեն ամեն դրվագ չէ, որ հիշում եմ, բայց կան բաներ, որոնք միշտ եմ հիշելու: Առաջին հարցը, ելույթը, ելույթն օպերայի հարթակից, առաջին նախագծի ներկայացումը, բոլոր միջազգային միջոցառումներից հիշում եմ Բաքվում ազերիների «պորտը» տեղը դնելը և հայրիկիս՝ Ժիրայր Պողոսյանի պատիվը պահելը, բոլոր այցերս առաջնագիծ, վերահսկողական մշակույթի տարածման համար ամեն օր կռիվ տալը:

 

Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին, որ կյանքիս այս փուլը տեղի ունենա: Շնորհակալություն բոլորին, ովքեր համագործակցեցին այս ժամանակահատվածում, ովքեր կողքիս էին, ոգեշնչում էին բարի խոսքով, խորհուրդով, քննադատությամբ:
Հիմա արդեն նոր փուլ: Հուսամ՝ մի օր Հայաստանում այլընտրանքային մոտեցումների մշակումը, լոբբիզմը, հասարակական աշխատանքը կընկալվի այն խորությամբ, որն այսօր կա զարգացած երկրներում: Համենայն դեպքս մենք ամեն ինչ կանենք այդ օրը մոտեցնելու համար: Այսուհետ ինձ միշտ կարելի գտնել Հայաստանի առաջատար «թինկ-տանկում»՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, որ գործում է Անի հյուրանոցի բիզնես հարկում: Այսուհետ էլ եմ պատրաստվում աշխատել նույն ոճով, նույն եռանդով, նույն նվիրվածությամբ, նույն հավատով: Խոստանում եմ մնալ նույն Թևանը:
Դուխով