Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ի պատասխան երեկ երեկոյան ԵԼՔ դաշինքի՝ Երևան քաղաքում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբի կողմից բաժանվող ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդագրությանը, պատասխանել է, որ հանցակազմ չի եղել այդ գործողություններում, գումար չի բաժանվել, այլ բաժանվել են ընտրացուցակների նմուշները, ինչը, բնականաբար, չի ենթադրում հանցակազմ ընտրակաշառքի մասին։ Հարցին, թե ինչպես են հասկացել, որ ընտրացուցակի նմուշ է, այլ ոչ թե ընտրակաշառք, Մուկուչյանը պարզաբանել է, որ ԿԸՀ-ն կապվել է տվյալ շտաբի հետ, որտեղից և հայտարարել են, որ նման հանցակազմ գոյություն չունի։ Մի կողմ ենք դնում այն հանգամանքը, որ այս պատասխանն ինքնին արդեն ծիծաղելի է։ Մուկուչյանը զանգում է ՀՀԿ շտաբ, որտեղից պատասխանում են, որ որևէ ընտրակաշառք չկա։ Կարելի է մտածել, որ դրական պատասխան էին տալու։
Հարցը ուրիշ տեղ է։ Հայաստանում, տպավորություն է, որ հենց Մուկուչյանի քթի տակ, եթե, Աստված մի արասցե, գումար առաջարկեն քաղաքացուն, ու տեսախցիկը ֆիքսի, նա այնպես կանի, որ այդ արարքը չդիտարկվի որպես հանցագործություն, այլ պարզապես օգնություն խեղճ քաղաքացուն։ Անհասկանալի է, թե էլ ինչ պիտի պատահի, էլ ինչ ձևով պետք է ապացույցներ ներկայացվեն ԿԸՀ, որպեսզի այդ մարմինը հաստատի, որ ընտրակաշառք է բաժանվել։ Իսկ քանի մոտենան ընտրությունները, այնքան, բնականաբար, ավելի են շատանալու գումարների մասին տրամադրվող տեղեկատվությունները։ Հիմա ուղղակի հանրությանը և, ինչու ոչ, մեզ մի հարց է հետաքրքրում՝ կլինի՞ դեպք, գոնե մեկ նմուշի համար, երբ ՀՀ-ում ԿԸՀ-ն գոնե մեկ անգամ կհայտարարի, որ ընտրակաշառք է բաժանվել ՀՀԿ-ի կողմից ու պատասխանատվության կենթարկի մեղավորներին»: