ԲԱՂՁԱԼԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
1945 թ. մայիսի 1-ին բոլոր զորամասերում կայծակնային արագությամբ տարածվեց, որ մեր զորքերը մտել են Բեռլին և Խորհրդային դրոշը ծածանվում է Ռեյխստագի վրա: Մեր ուրախությանը սահման չկար:

 


346-րդ Դիբալցյան Կարմրադրոշ դիվիզիայի կազմում, որպես գումարտակի շտաբի պետ, ես դիմավորեցի բաղձալի հաղթանակի օրը` 1945 թ. մայիսի 9-ը, Գերմանիայի Մեկլենբուրգի երկրամասի Վիտտենբերգ և Նոյշտրելից քաղաքների շրջանում: Այդ օրն իմ հիշողության մեջ մնացել է անմոռանալի: Հրաշալի, արևոտ, տաք եղանակ էր: Մենք ուրախությունից գլուխներս կորցրել էինք: Զորամաս էին բերել զանազան ալկոհոլային խմիչքներ, մասնավորապես՝ մաքուր սպիրտ: Լիակատար ազատություն էինք տվել մեզ ու լավ խմել: Զվարճանում էինք, ով ինչպես կարող էր: Ես սովոր չէի սպիրտ խմելու: Մի քիչ սպիրտ էի լցնում, վրան ջուր ավելացնում: Իմ կողքին նստած մի ավելի տարիքավոր մայոր ասաց. «է~, տղաս, այդպես չեն խմի, այդպես ավելի շուտ կհարբես, դու խմիր մաքուր սպիրտը, հետո վրայից ջուր»:

 


Հաջորդ օրը, երբ արդեն անցել էր ալկոհոլի ազդեցությունը, դիվիզիայի հրամանատարի ջերմ ընդունելության տպավորության տակ, ուրախ ու երկարաշունչ նամակ գրեցի տուն, որն ավարտեցի մի փոքրիկ բանաստեղծությամբ.

 


Քայլել ենք մենք կյանքի քառուղիներով, 
Անցել անհայտ ու մութ կածաններով,
Մագլցել լերկ ժայռերն ի վեր, 
Տեսել գյուղեր, քաղաքներ ավեր:
Մահն է նայել մեզ` աչքերով ագահ,
Բայց մենք քայլել ենք հաստատ ու անահ,
Արհամարհելով ամեն մի վտանգ,
Հայացքներս հառած դեպի նոր կյանք:

 

Image may contain: 3 people, people standing
*****

Պատմական մեծ հաղթանակից հետո անցել է 72 տարի: 
Զարմանալին և զայրացուցիչն այն է, որ հիմա գտնվում են մարդիկ, նույնիսկ առանձին քաղաքական ու պետական գործիչներ, որոնք ճամարտակություններ են անում պատերազմի բնույթի մասին և անխոհեմաբար համարյա հավասարության նշան դնում պատերազմող երկու կողմերի միջև:

 

Սակայն աշխարհի բոլոր ժողովուրդները, ամբողջ առաջադեմ մարդկությունը բարձր են գնահատում հաղթանակը ֆաշիզմի դեմ, որը երկրագունդը փրկեց ֆաշիզմի վտանգից: Ըստ որում՝ առանձնապես նշվում է Խորհրդային Միության վճռական դերը այդ հաղթանակում: Սակայն կան մարդիկ, որոնք հավասարության նշան են դնում ԽՍՀՄի և ԱՄՆ-ի միջև՝ մոռանալով, թե այդ մասին ինչ են ասել ժամանակի լավատեղյակ ու ականավոր գործիչները:

 

Image may contain: 4 people

Ահա դրանցից մի քանիսը.
Արժանահիշատակ Ֆրանկլին Ռուզվելտը 1945 թ. Կոնգրեսին հղած նամակում գրել է. «Մենք չենք կարող մոռանալ… ռուսների հարձակողական օպերացիաների տիտանական թափը 1943-44 թթ., որոնց հետևանքով ոչնչացվեցին գերմանական վիթխարի բանակներ»: 

 


Նույնիսկ Տրումենը, որին չես կարող համարել Սովետական Միության բարեկամ, ստիպված էր խոստովանել. «Մենք խորապես գնահատում ենք այն հոյակապ ավանդը, որը հզոր Սովետական Միությունը ներդրել է քաղաքակրթության և ազատության գործում»: 

 


Իսկ Շարլ դը Գոլը իր հուշապատումներում գրում է. «Ֆրանսիայի համար Սովետական Ռուսաստանը մեծ երկիր է, մեր դաշնակիցն է երկու համաշխարհային պատերազմներում: Իր քաջագործություններով և իր անհաշիվ զոհերով նա ապահովեց վերջնական հաղթանակը: Իսկ առանց նրա մասնակցության անիմաստ է խաղաղության ապահովումը»:

 


Պատահական չէր, որ դաշնակիցների առաջին մարտական գործողություններից հետո Ամերիկյան բանակի շտաբի պետ գեներալ Մարշալը խոստովանեց. «Առանց Կարմիր Բամակի հաջող գործողությունների ամերիկյան զորքերը ի վիճակի չէին լինի դիմակայել ագրեսիային, և պատերազմը կտեղափոխվեր ամերիկյան մայրցամաք»:

 

Image may contain: 7 people, people standing and suit

Image may contain: 2 people, people sitting, beard and indoor

 

Սոս Մովսիսյան