Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ժամանակներս տված հարցազրույցները բավականին էմոցիոնալ են ու հակասական բաներ են պարունակում իրենց մեջ։ Ակնհայտ է, որ Փաշինյանը այժմ չի գտնվում իր լավագույն մարզավիճակում, ինչը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով։ Նախ՝ ընտրական երկու ցիկլն իրար հետևից ակնհայտորեն իր հետքն է թողել նրա ֆիզիկական պատրաստվածության վրա։ ԵԼՔ դաշինքի քարոզչության հիմնական պատասխանատուն, մտածողն ու իրագործողը, ըստ էության, շարունակում է լինել Փաշինյանը, ու բնական է՝ մարդը չի կարող անվերջ դիմանալ այդ ծանրաբեռնվածությանը։
Դա է պատճառը, որ վերջերս Սաթիկ Սեյրանյանի մոտ հարցազրույցի ընթացքում Փաշինյանը նախ պնդեց, որ ԵՔԼ դաշինքի և ոչ մի անդամ Սահմանադրական դատարանում այլ կուսակցության կողմից ընտրությունների արդյունքը չեղարկելու վերաբերյալ դիմումի համաձայն չի միանա այդ պրոցեսին, քանի որ ՍԴ-ն վաղուց իշխանության գլխավոր հենարան է հանդիսանում, իսկ Սեյրանյանը պնդում էր, որ դաշինքի անդամներից մեկը (հետագայում պարզվեց՝ դա Արամ Զավենի Սարգսյանն էր), հայտարարել է, որ պատրաստ են միանալ այդ գործընթացին։ Այնուհետև տեղի ունեցավ ֆեյսբուքյան փոխհրաձգություն Նիկոլի ու արդեն Աննա Իսրայելյանի միջև, որի հիմնական թեման լրագրողի կողմից բարձացված հարցն էր, թե արդյոք Փաշինյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի «մարդը», թե ոչ, կամ ունի նրանց հետ համագործակցություն, թե ոչ։
Սա ակնհայտորեն դուր չէր եկել ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածուին, ու վերջինս այդ հարցն անվանել էր հիմար հարց, ինչն իր հերթին դուր չէր եկել լրագրողին։ Խնդրո առարկան այն է, որ Փաշինյանին բազմիցս տրվել է այդ հարցը, ու վերջինս հայտարարում է, որ հազար անգամ նույն հարցին պատասխանել է ու թույլ չի տա այդ հարցը անընդհատ շահարկել։
Լրագրողները իրենց հարցերը ընտրում են ըստ քաղաքական մթնոլորտի ու ըստ պահանջի, կա արդյոք նման հարցի պահանջ հանրության մոտ, թե ոչ, ու եթե պետք լինի, պետք է հարց տան հազար, գուցե նաև հազար մեկ անգամ։ Ու որպես նախկին լրագրող՝ Նիկոլ Փաշինյանը սրա մասին լավ գիտի։ Ու անհրաժետության դեպքում պիտի հենց այդքան անգամ էլ պատասխանի այդ հարցերին, ոչ թե նախկին գործընկերների հետ «բազարի» մեջ մտնի։ Սակայն կրկնում ենք՝ սա գուցե հետևանք է նրա, որ Փաշինյանն իրեն այս փուլում հոգնած է զգում, ինչը զգացնել է տալիս քարոզարշավի ժամանակ։ Միգուցե նրան որոշակի դադար է անհրաժեշտ։
Կարեն Համբարձումյան