Պաղեստինյան անկախ պետության ստեղծման համար ողջ կյանքում անխոնջ պայքարած խոշորագույն քաղաքական գործիչ Յասիր Արաֆաթի անհերքելի ճշմարտության արժեք ստացած թևավոր խոսքերից էր՝ «Մեր գլխավոր զենքն արաբ կնոջ արգանդն է», ինչի տակ հասկացվում էր, որ «ժողովրդագրական պատերազմում» ի վերջո հաղթողները լինելու են ոչ թե իսրայլեցիները, այլ պաղեստինցիները:
Միգուցե զարմանալի թվա, բայց այժմ արաբ բառը փոխարինելով հրեայով, նման վստահ հայտարարություն կարող է անել նաև Իսրայելի վարչապետը, որովհետև այսօր Իսրայելում մեկ հրեա կնոջ հաշվով միջին ծնելիությունն ավելի բարձր է, քան արաբինը՝ այն էլ, երբ իսրայելցի հրեա կինը նաև ծառայում է բանակում:
Իսրայելը կարելի է սիրել կամ չսիրել, ճանաչել կամ չճանաչել, բայց հրեական պետության ստեղծման և մեթոդաբար ամրապնդման փորձը չհարգելը ոչ մի կերպ չի ստացվում, որովհետև այս երկրում, ի դեպ, առանց ավելորդ թատերականության օգտագործվում է ոչ միայն սեփական, այլ նաև նույնիսկ թշնամական մտքի արգասիքը:
Կարծում եմ՝ ժամանակն է, երբ «Ազգ-Բանակ» գաղափարի կողքին ոչ պակաս պատվաբեր և մեր պետության ու հասարակության կողմից ամեն կերպ քարոզվող և հովանավորվող ծրագիր պետք է հռչակվի պայմանականորեն «Կին-Բազմազավակ Մայր» գաղափարը, քանզի փորձը ցույց է տալիս, որ արդի աշխարհում, պատկերավոր ասած, արգանդն ամենևին էլ պակաս կարևոր զենք չի համարվում, քան ամենաժամանակակից հրթիռները: