Հաշված օրերից, այսինքն՝ մայիսի 9-ին Կիևում տեղի կունենա «Եվրատեսիլի» առաջին մրցութային օրը: Ասել, որ այս տարվա թե՛ մեր պատվիրակի, թե՛ նրա երգի ու, առհասարակ, «Եվրատեսիլի» հանդեպ հասարակությունը կատարյալ անտարբեր է, նորություն չի լինի: Անկախ նրանից՝ լավն էր մեր պատվիրակն ու երգը, արժանի տեսահոլովակ ունեինք, թե ոչ, մեր հասարակությունն այս մրցույթի նկատմամբ միշտ վերաբերմունք է ունեցել անցած բոլոր 11 տարիներին: իսկ հիմա՝ կատարյալ անտարբերություն: Մարդկանց չի հետաքրքրում այն, ինչ մի քանի օրից տեղի է ունենալու: Ու գիտե՞ք՝ ինչու այդպես ստացվեց: Պարզ մի պատճառով. որովհետև մրցույթի հայաստանյան կազմակերպիչներին էլ ժամանակին չհետաքրքրեց մեր հասարակությունը՝ իր կարծիքով հանդերձ:

 

Ինչ-որ մեկը կարո՞ղ է պատասխանել՝ ո՞ւմ էր պետք այդ մի քանի ամիս տևած «Դեպի Եվրատեսիլ» կոչվածը, եթե ամեն դեպքում մրցույթին մեկնելու էր նա, ում ընտրությունն արդեն որոշված էր դեռ նախորդ տարվանից: Արդյունքում՝ մրցույթի խաբված ու հիասթափված մասնակիցներ ու հեռուստադիտող և Հանրայինի՝ մի քանի միլիոն աշխատավարձ ստացած «կարևոր դեմքեր», ովքեր աշխատել են այդ նախագծի վրա: Գոհար Գասպարյանի անձնական պրոդյուսերական կենտրոնի վերածված «հայաստանյան Եվրատեսիլում» այնպիսի «ատմոսֆերա» է տիրում, ասես տիկին Գոհարն այդ մրցույթն իր հորական տնից է օժիտ բերել. «Կտանեմ, ում կուզեմ, կերգենք, ինչ կցանկանամ, կհանգնենք, ոնց սիրտս է տալիս, ու ընդհանրապես՝ ո՞վ եք դուք…»։ Այ հենց այսպես է մտածում տիկին Գոհարը, երբ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ուղղված իր խոսքում իրեն իրավունք է վերապահում ակնարկել, թե ինչպես լուսաբանեն այս մրցույթը լրագրողները՝ չքննադատել, չասել, որ հագուստը, երգը, երգչուհին կամ տեսահոլովակը լավը չեն, չխոսել ոչ մի վատ բան, քանի որ այդ մրցույթն արդեն տոն է:

 

Այո՛, Գոհար, տոն է, իհարկե, տոն է՝ քեզ համար, քո թիմի համար, քո՝ ամեն տարի «պատահականության» սկզբունքով ընտրվող միշտ նույն կոմպոզիտորի համար, քո հագուստի մոդելավորողի համար, որովհետև «Եվրատեսիլից» «Եվրատեսիլ» եք ապրում՝ մսխելով գումարներ ձեր պրոմոտուրերի ու եվրոպական վայելքների վրա՝ երկիր ներկայացնող կարևոր գործ անողի քողի տակ: Ի՞նչ երկիր, կարո՞ղ եք ասել: Վերջին անգամ, գոնե հիշո՞ւմ եք, ո՞վ է այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել Հայաստանում ապրողներից: Ո՞րն է խնդիրը… Չեն կարողանո՞ւմ երգել Հայստանում կայացած երաժիշտները , թե՞ դրանով արտագաղթի քողարկված քարոզ եք անում՝ ապրի՛ր դրսում, որպեսզի իրավուքն ունենաս ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում»:

 

Ուղարկում եք մեկին, ում ո՛չ Հայաստանում են ճանաչում ու, առավել ևս, ո՛չ էլ սփյուռքում: Ամեն ինչ այնքան կեղծեցիք, որ մարդկանց հետաքրքիր չէ նույնիսկ՝ երբ է լինելու «Եվրատեսիլը»: Այդ դեպքում ո՞վ պետք է քվեարկի նրա համար: Թե՞ նորից եք դիմելու անցած տարվա ձեր էժան փիառ-քայլերին՝ դրոշ ծածանելու կամ ուղղաթիռ օդ բարձրացնելու հաշվին գոնե ինչ-որ շարժ ստեղծելով ձեր շուրջ: Ի դեպ՝ լուրջ մտահոգվեցի այս առումով. մրցույթը Շուշիի ազատագրման օրն է լինելու, մեկ էլ տեսար՝ գեյշայի հագուստով ու ասիական էթնո-մշակույթի էլեմենտներով երգի տակ Արծվիկը բեմում հայտնվի #ՀարսանիքԼեռներում հեշթեգը դոշին խփած:

 

Լիլիթ Վանեցյան