Պարոն վարչապետ, արդեն քանի օր է, ավելի կոնկրետ՝ ԱԺ ընտրություններից հետո, ՊԵԿ-ի աշխատակիցները, մեղմ ասած, բռնել են ՓՄՁ-ների կոկորդից ու չեն թողնում՝ մարդիկ հանգիստ աշխատեն: Հանգիստ նկատի չունեմ անօրեն ու խախտումներով: Համոզված եմ, որ այս «շրջափակումը» նաև Ձեր թույլտվությամբ է կատարվում և բարեփոխումների ծրագրի մի մասն է կազմում: Ինձանից լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են մեծ ընկերություններ, ավելի ճիշտ՝ մեգա ընկերություններ, որոնք կատարում են տարբեր գործունեություն՝ ԱԳԼՃԿ-ներից սկսած, խանութներից և սուպերմարկետներից վերջացրած: Այս ընկերությունների աշխատանքի մեջ մի փոքրիկ գաղտնիք կա, որը երևի դուք էլ կիմանաք, իսկ եթե չգիտեք, ուրեմն՝ աշխատանքից պետք է ազատեք մի շարք պաշտոնյաների, ովքեր չեն զեկուցել դրա մասին Ձեզ: Այդ մեգա ընկերությունները չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ: Ավելի ճիշտ տրամադրում են ինչ-որ թղթի կտոր, որը հաստատ ՀԴՄ չէ: Այդ ընկերությունները, համոզված եմ, որ բացի ՀԴՄ կտրոնից՝ նաև այլ անօրեն գործարքներ կիրականացնեն, որը պարզելու դեպքում մեծ օգուտ կլիներ Հայաստանի տնտեսությանը:
Մեկ երկրի տնտեսությունը փորձել բարեփոխել ՓՄՁ-ների հույսով նշանակում է կործանել և՛ տնտեսությունը, և՛ ՓՄՁ-ները: Մեկ փոքրիկ կրպակի, խանութի կամ տաղավարի մոտ 3-4 ՊԵԿ աշխատակից կանգնեցնելն ու խիստ ռեժիմով նեղելը կտանի նրան, որ այդ գործարարներից շատերը պարզապես կփակեն խանութներն ու կլքեն երկիրը: Հայաստանում մնալ ու առավել ևս գործունեություն ծավալելը արդեն իսկ գովելի քայլ է, սակայն կառավարությունը ոչ մի կերպ չի փորձում այդ մնացողին ձեռք մեկնի: Միայն խնդիրներ, ստուգումներ ու ճնշումներ: Հավատացեք, ես ինքս էլ ՓՄՁ ներկայացուցիչ եմ, գործունեություն եմ ծավալում Հայաստանում, ունեմ բազմաթիվ ընկերներ, ովքեր ունեն փոքրիկ խանութ, կրպակ կամ զբաղվում են այլ գործով, վստահեցնում եմ, նրանց մեծ մասը չի ցանկանում անօրեն աշխատի: Մի փոքր լավ հարկային պայմաններ ստեղծելու դեպքում ոչ միայն ավելի եռանդով կաշխատեն, այլ նաև կզարգանան, կմեծանան ու աշխատատեղեր կստեղծեն: Իմ բախտը դեռ բերել է, ՊԵԿ աշխատակիցները ինձ չեն այցելել, բայց տեսել եմ գործարար ընկերներիս վիճակը: Հասկացել եմ , որ այդ մարդիկ չեն կարող ամբողջ բարեփոխումները իրենց վրա վերցնել: Կարելի է մի փոքր էլ մեծերին ստուգել ու նրանց վրա հույս դնել, այնտեղ հաստատ ավելի մեծ բաժին կլինի երկրի տնտեսության համար:
ՓՄՁ-ներից շատերը հավատում էին Ձեզ մինչև ԱԺ ընտրությունները, իսկ հիմա հիասթափված են ու գնալով հիասթափվում են: Նման գործելաոճից հետո ոչ թե տնտեսությունը կզարգանա, այլ մեկ ուրիշ ճյուղ՝ արտագաղթը:
Աշոտ Ասատրյան