Դադիվանքի վանական համալիրում ապրիլի 16-ին Քրիստոսի հրաշափառ հարության տոնին՝ Սուրբ Զատկին նվիրված Սուրբ պատարագ կմատուցվի, որին կհաջորդի տոնական փառատոնի կազմակերպում, որը կանցկացվի հենց վանքի բակում:
Շահումյանի շրջանի բնակչուհի Մարիամ Պիլաֆյանն ասել է, որ արդեն 5-րդ տարին է, ինչ կազմակերպում է նման փառատոն. տոնի անկացմանն աջակցում են ԱՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունը և Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարությունը:
«Վանական համալիրի բակում առանձին տաղավարներով հանդես են գալու Շահումյանի շրջանի 16 համայնքները. նրանք ցուցադրելու են զատկական տոնին հատուկ ավանդական ուտեստներ, կանաչեղեն, գաթաներ, ներկած ձվեր և այլն»,-նշել է Մ. Պիլաֆյանը և ավելացրել, որ նախատեսվում է նաև հյուրասիրություն, ձեռքի աշխատանքի ցուցահանդես - վաճառք, ազգային խաղեր և այլն:
Ըստ միջոցառման կազմակերպչի՝ փառատոնին համերգային ծրագրով հանդես է գալու Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը:
Վրեժ Հովսեփյան