Անցած տարի այս օրը ես արդեն մոտ 40 ժամ չէի քնել (հետո հաշվեցի, որ ապրիլի 2-ից մինչև 5-ի երեկո, քնել էի 8 ժամ)։ Այսօր շատերը բնութագրում են այդ օրերը որպես «ահավոր», իսկ պատերազմի արդյունքը՝ բացասական։
Սարսափելի բան է 4 օրում շուրջ 9 տասնյակ զոհ տալը, բայց այդ օրերին ավելի սարսափելի կարող էին լինել այն սպեկուլյացիաները, որոնք մեր մեդիա դաշտը ու դրա առավել ակտիվ անհատները կասեցրին։ Ամենտիպիկ օրինակը, որ ինձ էր պատահել, կապված էր մի կնոջ հետ, ռեալ կնոջ հետ։ Նորմալ մարդ էր, կրթված, բարի, բայց նույնիսկ այդ ամենը չէր ապահովագրել նրան, ապատեղեկատվության զոհ դառնալուց բացի, մի բան էլ այդ ապատեղեկատվությունը տարածող դառնալու հարցում։ Եթե հակիրճ ասեմ, ապա նա վստահեցնում էր, որ միայն մեկ մարտական դիրքում 200-ից ավելի կորուստ ենք ունեցել, ինչը ֆիզիկապես անհնար էր այն պարզ պատճառով, որ մարտական մեկ դիրքում 200 հոգի չի տեղավորվի պարզապես։
Ի մի բերելով անցած տարին՝ կարող եմ ասել, որ իմ ամենամեծ մտավախություններից մեկը, բարեբախտաբար, չիրականացավ։ Այն է՝ բոլորս ֆիքսվելու էինք զոհվածների վրա ու մոռացության էինք մատնելու ողջ մնացածներին։ Ճիշտ է, դեռ շատ անելիք կա, բայց մեր պատմության մեջ դեռ չի եղել նման ուշադրություն ու սրտատրոփ վերաբերմունք թե՛ զոհվածների, թե՛ ողջ մնացածների հանդեպ։
Մյուս մտավախությունս, ցավոք սրտի, իրականացավ։ Համենայն դեպս՝ մասամբ։ Այն է՝ պատերազմի արդյունքների գնահատականը։ Ցավոք, տարիներ շարունակ ներարկված ուռա-հայրենասիրության անմարդկային դոզաները մի կողմից, հասարակությունում առկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհությունը՝ մյուս կողմից և հինգերորդ շարասյան գործառույթ իրականացնող «հերոսների» ջանքերն էլ՝ վրադիր, բերեցին նրան, որ հիմա հանրության մի ստվար շերտ համարում է, որ ապրիլին մենք կրել ենք պարտություն։ Փաստարկներն էլ նույնն են․ էդքան մարդ կորցրինք, 800 հեկտար կորցրինք։
Սա շատ բաների հետևանք է, հանրային նման ընկալման վրա ամենամեծ դերակատարությունը սեփական ուժերի գերագնահատումն ու թշնամու թերագնահատումն է ունեցել։ Ու պաթոսը, անտանելի շատ ու անտանելի տափակ պաթոսը։ Թերևս ամենադրական բանը, որ կարձանագրեի, պետական մակարդակով արված այն հետևությունն էր, որի արդյունքում մեդիաներում շեշտակի նվազել է այդ պաթոսի ու «գլխարկներով կլարենք էդ ոչխարներին» տիպի շեշտադրումներով քարոզչությունը։
Թեմայի շուրջ արդեն մեկ տարի է՝ գրում եմ, ու էլի տարիներով կարելի է գրել ու գրել։ Սակայն, որպեսզի լավաշ չդառնա գրառումս, ուզում եմ ամփոփել․ վաղը կլրանա նոր զինադադարի 1 տարին։ Հուսով եմ, որ նոր զինադադարի օրվա կարիք չի լինի, իսկ եթե լինի, ապա այդ նոր կռվի մեջ մենք գոնե մտնենք սերտած դասերով, որոնցից ամենակարևորն է հարգել ու սիրել յուրայիններին, հարգել՝ չթերագնահատելու իմաստով (ու ոչ միայն) հակառակորդին։ Ու սովորել, սովորել, սովորել։
Կոնստանտին Տեր-Նակալյան