Թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են L-UMTAS հրթիռը, որն ունի լազերային նշանառություն, հայտնում է Anadolu–ն։
Նշում են, որ շուտով նման հրթիռներով կզինվեն թուրքական արտադրության հարվածային ATAK ուղղաթիռները։
Նախագիծն իրականացվել է թուրքական Roketsan ընկերության կողմից, նոր հրթիռների փորձարկումները հաջող են եղել։ «Նոր հրթիռների շնորհիվ աճել է Թուրքիայի ՌՕՈՒ հզորությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը։
«Օդ- ցամաք» կամ «ցամաք-ցամաք» տեսակի L-UMTAS հրթիռը կարող է օգտագործվել 8 կմ շառավղի վրա գտնվող զրահատեխնիկան ոչնչացնելու համար։ Լազերային նշանառության շնորհիվ նոր հրթիռը հնարավոր կլինի օգտագործել գիշերային ժամերին։
Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ:Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանն որոշել է ուժեղացնել իր ռազմա–օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 ATAK ուղղաթիռներ։
Ադրբեջանը իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ(հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից):
Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան այդ թվում հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում: Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել՝փորձարկել ղարաբաղյան ճակատում: Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով՝չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու:
Ադրբեջանը Spike և թուրքական հակատանկային համալիրներով փորձում է ուժեղացնել իր հակատանկային պաշտպանությունը՝հայկական զինված ուժերի տանկային հնարավոր հակագրոհներից(танковый прорыв)՝ռազմական գործողություններն Ադրբեջանի խորքերը տեղափոխելը կանխելու համար:
Հակատանկային պատնեշ ստեղծելով Բաքուն ցանկանում է սահմանափակել ու թույլ չտալ հայկական զինված ուժերի դուրս գալն օպերատիվ խորություն՝Քուռ-Արաքսյան դաշտավայր ու տանկերի, զրահապատ այլ մեքենաների խոցումը «վստահել» ինֆրակարմիր գլխիկներով իսրայելական ու թուրքական հակատանկային հրթիռային համալիրներին(դրանք գործում են fire and forget ("выстрелил-забыл") սկզբունքով ):
Արտյոմ Բալասանով