21-րդ դարերում ընթացող հասարակական-քաղաքական փոփոխություներն առավել ակտիվ ու դրամատիկ են հետխորհրդային տարածքի երկրներում, որտեղ համակարգային փոփոխությունների հետագա ընթացքը ենթադրում է այդ գործընթացների իմաստավորման, տեսական ընդհանրացման, կանխատեսման ու կարգավորման մեխանիզմների մշակմանն ուղղված հետազոտական ծրագրերի իրականացում: Քաղաքակրթության զարգացումը տեղի է ունենում հասարակական համակարգերի փոխակերպումների ու կատարելագործման ճանապարհով:


Հայաստանում կատարվող արմատական վերափոխումներին բնորոշ իրողությունը ժամանակակից ժողովրդավարական համակարգերի հատուկ հաստատությունների ձևավորման, ինստիտուցիոնալիզացիայի գործընթացն է, որի նպատակն է՝ հասարակական զարգացումներն ու հարաբերությունները դարձնել սոցիալ-կառուցվածքային տեսանկյունից ավելի կարգավորված ու նորմավորված: Մեր հասարակության մեջ ընթացող համակարգային փոխակերպումների, ժողովրդավարացման գործընթացների նպատակային իրականացման առումով կարևորվում է հասարակական համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ վերլուծությանը, դրա զարգացման միտումների վերհանմանը նվիրված ուսումնասիրությունների անհրաժեշտությունը:


Քաղաքական ինստիտուտների և իշխանության կառույցների ճգնաժամը կապված է հասարակական կառավարման բնագավառում իրենց առաքելության ոչ արդյունավետ իրականացման հետ և դրսևորվում է բնակչության շրջանում դրանց նկատմամբ վստահության անկմամբ: Ձևավորվում են երկու հիմնական միտումներ. լայն խավերին բնորոշ քաղաքական իներտություն, քաղաքական կյանքից օտարվածություն և քաղաքական կառույցների' քաղաքացիներին իրենց կողմը գրավելու ոչ ժողովրդավարական մեթոդներին (ընտրակաշառք, վարչական ռեսուրսների և միջոցների կիրառում) դիմելու գործելակերպի աճ:

 

Նոր ինստիտուտների ձևավորման և ինստիտուցիոնալ ճգնաժամի երևույթները հասարակական համակարգի զարգացման ու վերափոխման գործընթացների անխուսափելի իրողություններ են: Առանց ճգնաժամերի և դրանց հաղթահարման, դժվար է պատկերացնել ինստիտուտների զարգացումն ու հասարակական առաջընթացը:

 

Արմեն Հովասափյան