10 օրից կբոլորի Ապրիլյան պատերազմի 1 տարին։ 1 տարի, որը թռնելով անցավ, իսկ մենք դեռ լրիվությամբ չենք էլ մարսել այդ քառօրյա էսկալացման կարևորագույն դասերը։ Մինչդեռ՝ դա կենսական նշանակություն ունի, նամանավանդ, որ նախընտրական պաթոսի հորձանուտում կարող ենք կրկին հայտնվել անգրագիտության և պոպուլիստական թմբիրների գրկում։ Ես առանձնացրել եմ մի քանի կարևորագույն կետ, որոնք անմիջականորեն բխում են անցած տարվա փորձից ու կփորձեմ վերլուծել, թե ինչ քայլեր են արվել, իսկ ինչ քայլեր էլ ցանկալի կլիներ, որ արվեին։ Առաջին մասը մեր քարոզչությունն ու բարոյահոգեբանական վիճակի մասին է։

 

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցում մի կետ կար, որ մի քիչ այլ կոնտեքստով էր ասված, բայց, ընդհանուր առմամբ, շատ ճիշտ միտք է։ 1994 թվականից մինչև 2016-ի ապրիլը մենք հաղթական էյֆորիայի մեջ էինք, իսկ մեր թե՛ պետական, թե՛ անհատական մակարդակի քարոզչությունը հիմնականում կարելի էր բնութագրել ռուսերի ասած «шапкозакидательство» խիստ դիպուկ տերմինով․ «թուրքերը ոչխար են», «թուրքերը կռվող չեն», «մենք ժայռ ենք, մերոնք տեռմինատոր են», «մենք աշխարհի ամենամարտունակ բանակն ունենք», «մենք մի հատ կրակենք», «դրանց սաղ առաջին գիծը կփախնի», «թուրքի զինվորը մոտիվացված չէ»․․․

 

Պատերազմների հազարամյա փորձը ցույց է տալիս, որ մեծագույն սխալներից մեկը, որ կարելի է անել թշնամու նկատմամբ՝ նրան թերագնահատելն է։ Թշնամուն ավելի լավ է նույնիսկ մի քիչ գերագնահատել, քան թերագնահատել, որովհետև առաջինի դեպքում մեծանում է զգուշավորությունն ու պրագմատիզմը, իսկ երկրորդի դեպքում գոյանում են Բաքվում թեյ խմողների վիրտուալ դիվիզիաներ ու կորպուսներ, որոնք սկայան սուր կոգնիտիվ դիսսոնանսի ու ընկճվածության մեջ են հայտնվում, երբ «թուրքը ոչխար է» մանտրայից դուրս իրականության են ականատես լինում։

 

Ու այդ դասը պետությունը կարծես թե սերտեց։ Համենայն դեպս, շեշտակի նվազել է Բաքուն՝ թեյի ծով սարքելու ոգով հռետորաբանությունը, անհամամեմատ ավելի քիչ ենք տեսնում ֆիդայական-սպարապետական բնույթի անախրոնիզմների գովաբանության, փոխարենը ավելի շատ է շեշտը դրվում ժամանակակից բանակի սովորական զինծառայողի կերպարի, կարգապահության ու զորքերի արդյունավետ կիրառության ճիշտ և ադեկվատ մատուցման վրա։ Անչափ ուրախացնում է, որ 100 տարի առաջվա պարտիզան-ֆիդայինները, 30 տարի առաջվա որսորդական հրացաններով ու գնդացրի պատրոններով փաթաթված աշխարհազորայինները ակտուալ դաշտում իրենց տեղը զիջում են մեր ժամանակակիցներին՝ նույնատիպ համազգեստով, ըստ կանոնադրության հանդերձավորված ու սպառազինված սովորական ժամկետային զինվորների ու սպաների։ Միևնույն ժամանակ, հակառակորդին էլ ներկայացնելիս, էլ միայն 20 տարվա վաղեմության կադրեր ցույց չեն տալիս, որտեղ իրանք կամ զոհված են, կամ էլ ճողոպրում են (Գերանբոյի գումարտակի մասին տեսանյութը արդեն մաշել է), այլ ողջամտության սահամններում (առանց պանիկյորության ու պարտվողականություն սերմանելու), ցույց են տալիս, որ մեր թշնամին էլ բավականին մոտիվացված ու լավ զինված բանակ ունի, որին հաղթելը բնավ էլ անհնար չէ, բայց խաղուպար էլ չէ։

 

Ու այս ամենը ճիշտ է և բնավ պատահական չեմ հենց այս մասով սկսում։ Պատերազմի ամենակարևոր բաղադրիչը գաղափարականն ու բարոյահոգեբանականն է։ Որովհետև եթե այս ոլորտներում դու պարտվում ես, ապա պարտվելու ես պատերազմում ևս, անգամ եթե շատ լուրջ ռազմական հաղթանակներ ունենաս (Վիետնամական պատերազմը վկա, Աֆղանական պատերազմը վկա)։ Որքան ավելի շուտ ու որքանով ավելի խելամիտ ձևով դուրս գանք բուտաֆորիկ պաթոսային հայրենասիրության դաշտից, այնքան ավելի մարտունակ կլինենք թե՛ որպես պետություն, թե՛ անհատապես։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան