Իսրայելական և սիրիական ԶՈՒ-երի մասնակցությամբ մարտի 17-ին գրանցված հայտնի ռազմական միջադեպից հետո իրավիճակը կողմերի միջև շարունակվում է բավական լարված մնալ: Բացի հնարավոր ամենաբարձր մակարդակով հռետորաբանական, քարոզչական կտրուկ և չդադարող «փոխհրաձգությունից», Թել Ավիվի և Դամասկոսի միջև այս օրերին գրանցվել են նաև իրադարձային նոր հանգամանքները փոխադարձաբար ճշտելուն միտված որոշ վտանգավոր գործողություններ:
Մասնավորապես, չնայած սիրիական կողմի հայտարարություններին, թե հետայսու իսրայելական օդուժի ցանկացած հարձակում արժանանալու է համարժեք պատասխանի սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից, այնուամենայինիվ, մարտի 19-ի երեկոյան իսրայելական հարվածային ԱԹՍ-ի միջոցով սիրիական ալ-Կունայտրա նահանգում սպանվել է հիմնականում պաղեստինցիներից և դրուզներից կազմված «Կունայտրայի բազեներ» պրոասադական ռազմական կառույցի ղեկավար Յասիր ալ-Սայիդը:
Իսկ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական և լիբանանյան մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են դարձյալ ալ-Կունայտրա նահանգում սիրիական ԶՈՒ-ի ՀՕՊ ուժերի կողմից իսրայելական հետախուզական ԱԹՍ-ի խոցման մասին. իսրայելական կողմը պաշտոնապես ընդունել է սարքավորման կորստի փաստը, բայց հերքել խոցման վերաբերյալ տեղեկատվությունը:
Նաև վերոնշյալի համատեքստում միջազգային լրատվադաշտի ուշադրության առանցքում վերջին օրերին սիրիական հիմնախնդրի շրջանակներում որակապես նոր իրավիճակի առկայության, նաև Մոսկվայի և Թել Ավիվի միջև հարաբերությունների սրման հնարավորության թեմատիկան է: Այս ուղղվածությամբ բազմաթիվ վերլուծություններում առաջ են քաշվում ակնկալվող զարգացումների տարաբնույթ սցենարներ, վեր են հանվում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ հիմնավորումներ՝ անգամ հետախուզական նշանակության հույժ գաղտնի տեղեկություններ: Թեմայի շուրջ քննարկումներն այնքան արդիական են, որ դրանց պաշտոնապես անդրադարձել են նաև Սիրիայի և Իսրայելի առաջնորդները:
Ներկայացված իրողությունները հերթական անգամ փաստում են, որ մերձավորարևելյան հակամարտությունների համատեքստում ստեղծվել է բավական ուշագրավ իրավիճակ: Հատկապես Սիրիայի ու Իսրայելի կողմից փոխադարձ զգոնությունը և դրա առնչությամբ աշխարհաքաղաքական առանցքային դերակատարների արձագանքները ստուգելուն միտված փորձերը, հնարավոր է, տարածաշրջանում հակամարտային նոր և ավելի մասշտաբային լարվածության պատճառ դառնան:
Արմեն Պետրոսյան