Վերջին օրերին «Հայա Թահրիր ալ-Շամ» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումը («Ալ-Կաիդա»-ի ճյուղավորումը Սիրիայում) լայնածավալ ռազմական գործողությունների էր անցել Սիրիայի հարավային Դարաա և Դամասկոս նահանգներում' նվաճելով մի քանի բնակավայրեր սիրիական կառավարական ուժերից:

 


Երեկ երեկոյան «Հայա Թահրիր ալ-Շամ»-ը սկսել էր հարձակումներ արդեն Սիրիայի կենտրոնական Համմա նահանգում և մի քանի ժամ առաջ հայտարարվեց սիրիական կառավարական ուժերից Համմա մարզկենտրոնից հյուսիս ընկած Սուրան (صوران) բնակավայրի նվաճման մասին: Այս հարձակման ժամանակ «Ալ-Կաիդա»-ին օգնել են մի շարք իսլամական ծայրահեղական կառույցներ, այդ թվում «Աջնադ ալ-Կաուկազ»-ը (أجناد القوقاز), որը բաղկացած է հիմնականում կովկասցի իսլամականներից, այդ թվում ադրբեջանցիներից:

 


«Ալ-Կաիդա»-ն սրանով ցույց է տալիս, որ բացի Սիրիայի հյուսիսային Լաթակիա, Իդլիբ և Հալեպ նահանգներում լուրջ ներկայությունից, կառույցն ունի ռեսուրսներ նաև Սիրիայի այլ հատվածներում, մասնավորապես կենտրոնական և հարավային շրջաններում, ինչը հնարավորություն է տալիս հարձակումներ իրականացնել, նվաճել նոր բնակավայրեր ու վերահսկել տարածքներ:

 

Սարգիս Գրիգորյան