Այսօր գրող, հրապարակախոս Արամ Պաչյանի ծննդյան օրն է.

 

Ներկայացնում ենք նրա՝ «Կարդինալ Գուգուն ու տիկին Բովարին» ստեղծագործությունը:


Զինվորական հոսպիտալում բուժվում էի: Նոր-նոր սկսել էի քայլել: Սկզբում ուտելիքս բերում էին հիվանդասենյակ, բայց երբ մի փոքր լավացա, ասացին, որ ինքս պիտի գնամ իմ սննդի հետեւից: Ճաշարանը միջանցքի վերջնամասում էր, ու որպեսզի ինձ ուտելիք մնար, եւ ես ժամանակին տեղ հասնեի, ստիպված քսան րոպե շուտ ճամփա էի ելնում` հենվում էի սառը պատին` հազիվհազ քսվելով առաջանում, ընթացքում հանգստանում էի նստարանների վրա: Այդ օրը, երբ ներս մտա ճաշարան, սեղաններն արդեն պատրաստ էին, կաթսաներից բարձրանում էին ապուրների կիսաթափանցիկ գոլորշիները, սպասքը խնամքով շարված էր: Ես նկատեցի, որ սեղանների մոտ շարքով կանգնած զինվորները ինչ-որ անհանգիստ սպասման մեջ են եւ չեն նստում աթոռներին: Գլուխս պտտվում էր, մի կերպ ընկա թիկնաթոռին, կողքիս կանգնած զինվորը ձեռքով ուսիս տպտպացրեց ու կռանալով ականջիս, շշնջաց. «Վեր կաց, Կարդինալն ա գալիս, քեզ նստած տեսավ՝ լավ չի լինի»: «Կարդինալն ո՞վ ա»,- հարցրի ես: «Ո՜նց, չգիտե՞ս. Կարդինալ Գուգոն ա, հոսպիտալը ինքն ա նայում, վե՛ր կաց, ասում եմ»: Ճիշտն ասած՝ զորամասում լսել էի. Գուգոյի մասին հազար ու մի լեգենդներ էին պատմում… ասում էին, որ ահավոր դաժան բնավորություն ունի ու երբեք սխալ չի ներում, ասում էին, որ զորամասի հրամանատարի մատը կծելով պոկել է, ասում էին, որ թույն սենյակ ունի, ու մոտը սիրուն աղջիկներ են գալիս: Ասում էին, թե իբր Գուգոն վերցնովի երեխա է, երբ իմացել է դրա մասին, մի քսան օր խմել է առանց քնելու, ասում էին, որ մենակ սիգար է ծխում ու օպերա լսում ու զինվորներին էլ ծեծելով ստիպում է, որ հետը լսեն: Ասում էին, որ Կարդինալ Գուգոյի հայացքին անհնար է դիմանալ, ասում էին, որ ֆիզիկապես ուժեղ չի, բայց բոլորին ծեծում է… մի խոսքով՝ իմ պատկերացումները Կարդինալի մասին լեգենդար էին, իսկ հիմա ես հնարավորություն ունեի մասնակից լինելու եւս մի լեգենդի: Տեղիցս չշարժվեցի ու արհամարհական նայեցի զինվորի դեմքին: Հանկարծ խորը լռություն տիրեց: Դռնից ներս մտավ կոճի թելի պես բարակ մարմնով, բարձրահասակ, շաաատ բարձրահասակ մի տղա. Կարդինալ Գուգոն էր: Թեւատակին գիրք կար սեղմած: Նա ճերմակ խավոտ  խալաթ էր հագել, տակից ճերմակ վերնաշապիկ, ճերմակ տաբատ եւ ոտքերին կրում էր ճերմակ կաշվե հողաթափեր: Կարդինալ Գուգոն ճերմակ էր, եւ միայն մի կետ կար, որ ստվերում էր այդ ճերմակությունը. դա նրա գունատ ու տխուր դեմքն էր: Այդ դեմքն ասես ամեն վայրկյան ճիգ էր անում քողարկել մարմնով ու հոգու միջով ալիքվող անտեսանելի մի ցավ: Հետո երկար եմ մտածել, որ նման դեմք ունեցող տղան չէր կարող դաժան լինել, ավելի շուտ՝ դա երեւի ինքն իր կյանքին պարտադրած խաբուսիկ մի դաժանություն էր. նա անկեղծ մտածում էր, որ միայն այդպես կարելի է ապրել զորամասում ու ընդհանրապես կյանքում… Կարդինալը նուրբ քայլերով առաջացավ, կանգնեց սեղանի գլխին, հայացքը հառեց իմ ուղղությամբ, ոտքից գլուխ չափեց ինձ ու  արտաբերեց` «Ծըմ»… բոլորը լուռ նստեցին: Զինվորը կաթսայից ապուր լցրեց նրա ափսեի մեջ: «Սըմ»,- շարունակեց Կարդինալն ու սկսեց դանդաղ ուտել ապուրը: Զինվորները շունչ քաշեցին ու հարձակվեցին ուտելիքի վրա: Ընթացքում ես ուշադրություն դարձրի Կարդինալի՝ գդալը բռնելու ձեւին, ցուցամատով ու բթով համարյա անհպելի գրկել էր պոչը, բայց ամենատպավորիչը ցցուն ճկույթն էր, որ մեղմ լողում էր ձեռքի շարժման հետ: Ինձ թվաց՝ այդ ցցուն ճկույթը նրա կյանքի կենտրոնն է եւ նրա ազնվական հոգու էությունը: Ճաշարանից հետո ասացին, որ Գուգոն կանչում է ինձ այգի: Աշուն էր: Կարդինալը նստած էր ծառի տակ` նստարանին, գիրք էր կարդում: Հեռվից նայելիս թվում էր, թե դեղնած այգում կախարդական սպիտակ թռչուն է իջել: Մի կերպ մոտեցա, բարեւեցի: Գիրքը փակեց, կազմին կարդացի` Գուստավ Ֆլոբեր, «Տիկին Բովարի»: Առանց դեմքիս նայելու հարցրեց. «Ճանաչո՞ւմ ես ինձ», «Չէ»,- պատասխանեցի ես: «Էս դանակը տենում ե՞ս»-, շարունակեց Գուգոն ու էջերի արանքից հանեց լայն շեղբով դանակը: «Հա»… «Սիրտդ եմ մտցնելու»… «Մտցնում ես` մտցրու»: Կարդինալը բարձրացրեց գլուխը, նայեց ուղիղ աչքերիս մեջ. դժվար էր դիմանալ հայացքին, բայց մի կերպ դիմացա ու հայացքս չփախցրի: «Ընկերներդ էին զանգել քո համար»: «Գիտեմ»,- անտարբեր ասացի ես ու հայացքս հառեցի գրքին. «Էս «Տիկին Բովարի» ե՞ս կարդում»: Կարդինալի գունատ դեմքը հաճելի զարմանքից միանգամից պայծառացավ` «Երեսունյոթերորդ անգամս ա, ախպերս»: «Ես էլ եմ սիրում «Տիկին Բովարին», կարդացել եմ»…, ու սկսվեց: Դեռ չեմ հանդիպել կյանքումս էլ ուրիշ մեկին, որ էդքան սիրեր Ֆլոբերի վեպը: Կարդինալը միանգամից հոգաց, որ ինձ տեղափոխեն իր սենյակ: Ասես 19-րդ դարում լինեինք, երկար խալաթները հագներիս` ճեմելով քայլում էինք սենյակում, սիգար էինք ծխում, կում-կում անելով կոնյակ խմում, ու Գուգոն կարդում էր «Տիկին Բովարին», հրճվելով այս կամ այն նախադասության վրա: «Էմմայիս ցավը տանեմ… ախպերս, աղջիկ ունենամ, որոշել եմ՝ անունը Էմմա եմ դնելու, առաջին անգամ, որ կարդացի, շոկի մեջ էի ընկել: Հենց ինքնասպան եղավ, էդ Ֆլոբերին էնքան քրֆեցի, լեզուս վառվել էր»: Կարդինալը ողջ գիշեր կարդում էր, հետո գիրքը փոխանցում էր ինձ, խնդրում էր, որ ես էլ իմ սիրած հատվածները կարդայի, բայց ես մի տեսակ վախենում էի հիասթափեցնել նրան իմ ընտրությամբ. նա համարյա էջառէջ գիտեր ողջ գիրքը, նույնիսկ գիտեր, թե որ դրվագում Էմման ինչ զգեստով էր: «Էդ Լեոնի տեղը ես լինեի, էլի, գոնե մի՜ անգամ»: Կարդինալն ինձ պատմեց, որ կյանքում ուրիշ գիրք չի կարդացել, չի էլ ուզում կարդալ, անընդհատ նորից ընթերցելիս գիրքն ավելի էր ձգում: Կարդինալ Գուգոն ու Էմմա Բովարին նման էին միմյանց, երկուսն էլ մելամաղձոտ ու չափազանց հմայիչ: Կյանքը նրանց մեջ ավելի շատ էր, քան մահը: Երբ Գուգոյի քեֆը լավանում էր, սկսում էր լաց լինել ու Էմմայի թաղումը  նկարագրել, հետո, ինչպես միշտ, հիշում էր Ֆլոբերի հորն ու մորը, կնոջը: Ես ասում էի, որ իմ իմանալով` Ֆլոբերը կին չի ունեցել, միայն սիրուհիներ: «Դրա համար էլ սպանել ա Էմմային, որ կնիկ ունենար, սիրեր, ձեռ չէր տա»,- գոռում էր Գուգոն: Ծիծաղս մի կերպ զսպում էի, դեմքիս դրամատիկ արտահայտություն հաղորդում: Կարդինալ Գուգոն ու Տիկին Բովարին հանդիպել էին միմյանց դարուկես հետո, եւ այդ հանդիպումն անխուսափելի էր: Մարդիկ եւ գրքերն ապրում են նույն ճակատագրով` մոռացվում են, հետո կրկին բացահայտվում: Էմմա Բովարին ինձ համար բացահայտեց Կարդինալ Գուգոյին, իսկ Էմման իր հերթին, ասում են, նույն ինքը Ֆլոբերն էր: Մարդիկ ապրում են գրքերում, բայց ապրում են նախ մինչեւ գրքերը. գրքերն ապրում են մարդկանցից անկախ, բայց ապրում են մարդկանց շնորհիվ, ովքեր  շարունակում են կարդալ ու զգում են ընթերցանության ողջ իմաստությունը: Մի քանի օր էր, ինչ հոսպիտալից դուրս էի գրվել: Գիշերը խորը քնած էի, երբ ընկերս արթնացրեց ու հրավիրեց մթության մեջ մահճակալների արանքում գցված սեղանի մոտ: Քնաթաթախ հարցրի. «Ի՞նչ ա եղել»… խուլ ձայն լսվեց. «Մի ժամ առաջ Կարդինալ Գուգոյին են սպանել, արդեն զորացրված ա եղել, բիլետը ձեռը, մի տասներկու տեղից դանակով ծակել են… տղերքը ուզում են խմեն հիշատակի համար»: Նստեցի մահճակալիս ու հենվեցի սառը պատին, «Չէ, անուշ արեք, լավ չեմ զգում, մերսի, ուզում եմ քնեմ»… Ես չէի ուզում խմել Գուգոյի հիշատակի համար, երազում էի  զորացրվել ու կրկին կարդալ «Տիկին Բովարին»… Արամ ՊԱՉՅԱՆ